Մատչելիության հղումներ

Աջափնյակի գործող թաղապետը հոկտեմբերի 29-ի ընտրություններում կպաշտպանի գլխավոր դատախազի եղբորը


Երեւանի Աջափնյակ համայնքի գործող ղեկավար Արծրուն Խաչատրյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հոկտեմբերի 29-ին համայնքում անցկացվելիք թաղապետի ընտրություններում ինքը եւ իր թիմակիցները պաշտպանելու են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորը` Ռուբեն Հովսեփյանին:

2003 թվականին նույն համայնքի ղեկավարի ընտրություններում Աղվան Հովսեփյանն աջակցում էր Արծրուն Խաչատրյանին:

Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին երեկ տված հարցազրույցում ասել էր. - «Դեռ չենք քննարկել այդ [Աջափնյակի ընտրություններում որեւէ թեկնածուի պաշտպանելու] հարցը, մեկ ամիս ժամանակ կա, կերեւա: Դա կթողնենք նաեւ [կուսակցության] տեղի կառույցի ցանկությանը»:

Հանրապետականի Աջափնյակի կառույցի ղեկավարը՝ Երեւանի քաղաքապետի նախկին տեղակալ Արման Սահակյանը, եւ կուսակցության տարածքային կառույցը դեռ չեն որոշել, թե ում են պաշտպանելու կամ աջակցելու:

Աջափնյակի թաղապետի պաշտոնին Ռուբեն Հովսեփյանից բացի հավակնում են եւս 3 թեկնածուներ՝ «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության անդամ Նորիկ Գալստյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մանուկ Գասպարյանի ղեկավարած «Ժողովրդավարական ուղի» կուսակցության Աջափնյակի կառույցի ղեկավար Իշխան Արշակյանը եւ Դաշնակցության անդամ, «Իրավագիտության կովկասյան կենտրոնի» տնօրեն Գագիկ Սարգսյանը:

Առաջադրված բոլոր 4 թեկնածուներն էլ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ են:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG