Մատչելիության հղումներ

Հայաստանի բուհերում կրեդիտային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգվեց


Նույն ռեկտորները, որոնք մինչ այդ երբեւէ չէին խոսում դժվարությունների մասին եւ փորձում էին իրենց բուհը ներկայացնել որպես Բոլոնիայի գործընթացի եւ նորամուծությունների ասպարեզում առաջատար, հանկարծ սկսեցին խոստովանել, թե պատրաստ չեն:

Ավելին, բուհերի մեծ մասում մինչ օրս էլ հստակ պատկերացում չունեն, թե ի՞նչ է կրեդիտային համակարգը, չնայած սեպտեմբերից արդեն պետք է անցած լինեին դրան:

Օրինակ, Պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում կրեդիտային համակարգը ուղղակի շփոթեց մրցակցային կրթության համակարգի հետ եւ սկսեց խոսել այդ թեմայի մասին:

ԵՊՀ-ի ուսանողներից շատերը նույնիսկ բառը չէին լսել:

Այս պայմաններում Ազգային Ժողովը ստիպված էր օրենքում ժամանակացույցի փոփոխություն մտցնել եւ բուհերում կրեդիտային համակարգի մեկնարկի սկիզբ սահմանել 2006 թվականի փոխարեն 2007 թվականի սեպտեմբերը:

«Խնդիրները ծանր են, դրանք փայտիկի մի շարժումով չեն լուծվի, դրանք պահանջում են լրջագույն վերաբերմունք: Թե ուսանողները եւ թե դասախոսական կազմի 90 տոկոսից ավելին պատրաստ չեն, իսկ նման պայմաններում համակարգը ներդնելը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ», - նշեց Պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը:

Սակայն մյուս տարի արդեն Հայաստանը պարտավոր է անցնել այս համակարգին: «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքը եւ այդ համատեքստում Բոլոնիայի գործընթացին անդամակցումը պահանջում են մինչեւ 2010 թվականը ավարտել արմատական վերափոխումները:

Արեւմտյան բուհերում կիրառվող կրեդիտների կուտակման եւ փոխանցման համակարգը կոչված է ուսանողին տալ լիարժեք ազատություն: Նա պետք է կազմի սեփական դասացուցակը՝ տվյալ մասնագիտության համար պարտադիր եւ ընտրովի առարկաների ցանկից, իր ցանկությամբ ընտրի դասախոս, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ տարբեր բուհերից, եւ գնահատվի ոչ թե կիսամյակը մեկ կամ երկու անգամ, այլ ամեն օր՝ սահմանված 6 չափանիշներով, եւ այդպես տարվա ընթացքում հավաքի սահմանված կրեդիտների քանակը: Մեծ տեղ է տրվում գործնական եւ լաբորատոր աշխատանքներին, դասախոս-ուսանող անընդհատ կապին եւ խորհրդատվություններին: Որոշ մասնագետներ սա համարում են մեր բուհերում տիրող «ֆեոդալական հասարակարգի թոթափում, երբ ուսանողը կարծես ռեկտորի ստրուկը լինի, պետք է ամեն ինչ նա թույլ տա կամ՝ թույլ չտա»:

Վալերի Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, որը արդեն երկու տարի համակարգը փորձարկում է, որոշակի մտահոգություններ ունի:

«Բուհական կրթության այսօրվա ոճը, ինչ խոսք, հակասում է Բոլոնիայի պահանջներին, որն առաջին հերթին շեշտադրում է ուսանողի զբաղվածությունը եւ ինքնուրույնությունը: Դրանք հրաշալի արժեքներ են», - ասաց նա, - «Բայց մենք այսօր չենք կարող Եվրոպայի հետ համեմատվել: Օբյեկտիվորեն մենք չունենք այդ նյութական ռեսուրսները՝ ամեն ինչի համար առանձին պայմաններ ստեղծելու, առանձին լաբորատորիաներ ունենալու, անհատական աշխատանքի համար դասասենյակներ, լսարաններ ապահովելու, դասախոսին անհրաժեշտ վարձատրությունը տալու համար, որպեսզի նա կարողանա բավարարել համակարգի պահանջները»:

«Դա շատ լուրջ խնդիր է, եւ ամեն ինչ դնել դասախոսների եւ ուսանողների վզին չի կարելի: Դրա համար հսկայական ծախսեր են պետք, որը տարիների խնդիր է», - համոզված է Սուրեն Զոլյանը:

Համակարգը, առաջին հերթին, պահանջում է էլեկտրոնային եւ ծրագրային համապատասխան բազա: Իսկ մի շարք բուհերի դեկանատներ նույնիսկ համակարգիչ չունեն եւ խորհրդային տպագրական մեքենաներով են աշխատում:

Համակարգը սեպտեմբերից 3 բուհերում փորձարկվում է: Կրթության եւ գիտության նախարարությունը որոշել է համապատասխան եզրակացություններ անել փորձի առաջիկա վերլուծության արդյունքում:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG