Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ռումինիայի նախագահը


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, նախագահական նստավայրում տեղի կունենա Ռումինիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Ռոբերտ Քոչարյանի եւ Տրայան Բասեսկուի առանձնազրույցը:

Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվեն համատեղ փաստաթղթեր: Հայաստանի եւ Ռումինիայի նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Տրայան Բասեսկուն կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշարձանին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառատունկ կկատարի Հիշողության պուրակում:

Վաղը Ռումինիայի նախագահը հանդիպում կունենա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, կհյուրընկալվի Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Երեւանի պետական համալսարանում Տրայան Բասեսկուն հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG