Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 30-ը սեպտեմբերի)

«Հակակրիմինալ շարժման» գաղափարի հրապարակ նետելը ընդդիմության կողմից բացատրելով առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու նրա ցածր հնարավորություններով՝ «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանն առանձնացրել է. «Նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ ձախողման իրական հեռանկարը ստիպելու է ընդդիմությանը գալիք ամիսների ընթացքում հնարավոր ամեն ինչ անել ներքաղաքական կյանքը արհեստականորեն ապակայունացնելու եւ այդ ճանապարհով եթե ոչ հաղթանակ, ապա գոնե պատվավոր պարտության «դափնիներ» վաստակելու համար»։ Մեկնաբանը բխեցրել է. - «Ժամանակի ու միջոցների սղություն եւ աննշան հեղինակություն ունեցող ընդդիմությունը, անկեղծ ասած, որեւէ այլ մարտավարություն չի էլ կարող ընտրել։ Կսպառի իրեն սույն գաղափարը՝ կհորինվի մեկ ուրիշը։ Եվ այդպես մինչեւ ընտրություններ»։

«Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանն իր հերթին պնդելով, թե «կոնկրետ հակակրիմինալ շարժում սկսելու հրահանգը Աշոտ Մանուչարյանը տվել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ ամենասերտ համագործակցության արդյունքում», բացատրել է. - «Այն պահին, երբ Սերժ Սարգսյանը մի խումբ գործարարների հետ մտավ ՀՀԿ խորհուրդ, Հանրապետական հին գվարդիայի համար վտանգ առաջացավ, որ կուսակցությունը կարող է գնալ իրենց ձեռքից։ Այդ պատճառով մտածվեց եւ կազմակերպվեց մի PR ակցիա, որի նպատակն էր Հանրապետական հին գվարդիային Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ ներկայացնել որպես կուսակցության գաղափարական թեւ, իսկ կուսակցության նորագիրներին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որպես կրիմինալ թեեւ»։

«168 ժամ» թերթին տված հարցազրույցում քաղաքագետ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին խորհուրդ է տվել գլխավորել ընդդիմության նախաձեռնած հակակրիմինալ շարժումը. - «Այ, եթե նման բան անեն՝ հասարակությունը նրանց միայն կողջունի, ես դրանում ավելի քան համոզված եմ, որովհետեւ խնդիրը ոչ թե անձերի մեջ է, այլ նրա, որ այս երկրում դատավորը չպետք է լինի օլիգարխների գրպանում: Որպեսզի քաղաքական գործիչը չլինի նրանց սպասարկողն ու դիֆերամբներ երգողը, նրանց ձեռքին նայողը, նրանց մի ձեռքի շարժումով իր ֆրակցիան, իր քաղաքական հայացքներին ու իր ընկերներին դավաճանողը»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել է, թե ուրբաթ օրը կառավարության ընդունելությունների տանը կայացել է «Միասին» շարժման հերթական միջոցառումը, որն, ըստ թերթի, «ավելի դիպուկ կարելի էր անվանել «Ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի»: «Նախաձեռնողները հենց սկզբից հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, թե այս միջոցառումը չէր լինի, եթե չլինեին վերջին երկու շաբաթվա դեպքերը, երբ ինչ-ինչ կոսմոպոլիտներ հերյուրանքներ են տարածել մեր պետականության հենասյուների եւ առաջին հերթին` Սերժ Սարգսյանի մասին»: Թերթը փոխանցել է, թե «շարժման ակտիվիստները անբարոյական համարեցին ՊՆախարարին քննադատելը. մի մարդու, ով կանգնած է մեր բանակի հիմքում: «Միասին»-ները «Հակակրիմինալին» մեղադրեցին նաեւ մասնավոր սեփականությունը խախտելու մեջ, քանի որ սկսել են մտնել մարդկանց գրպանները, մինչդեռ այդ մարդիկ աշխատել են, վաստակել են այդ փողերը, աշխատատեղեր են բացել»:

Հակադարձելով Հայաստանի ոստիկանության պաշտոնական հայտարարությանը, թե «Վյաչեսլավ Իվանկով անուն ազգանունով, «Յապոնչիկ» մականունով հայտնի քրեական հեղինակությունը Հայաստան մուտք չի գործել», «Ազգ» թերթը գրել է. - «Բայց Յապոնչիկը հենց այն պատճառով է Յապոնչիկ, որ հազիվ թե իր անուն-ազգանունով շրջի ԱՊՀ տարածքում. համենայն դեպս` մի տասնյակ «զապաս պասպորտ» կունենա, տարբեր ազգի ներկայացուցիչների անուն-ազգանուններով: Այնպես որ` չոր հայտարարությունը դեռ 100 տոկոսանոց ապացույց չէ, որ «Յապոնչիկը» ուրիշների անձնագրով չի ֆռֆռում ԱՊՀ տարածքում»։

Փաստելով, որ «արդեն երկրորդ օրն է՝ Ռուսաստանից բնական գազի մատակարարումը Հայաստան դադարեցված է», «Առավոտ»-ի մեկնաբանը փոխանցել է հայտնի մի քանի տնտեսագետների կարծիքը, թե «իրականում խնդիրը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշտում է, եւ «ՀայՌուսգազարդը», որպես Ռուսաստանի դուդուկի տակ պարող, պարզապես ներկայացնում է այն, ինչ Ռուսաստանից թելադրում են։ Իսկ «ՀայՌուսգազարդի» պաշտոնական բացատրությունը ոչ այլ ինչ է, քան ռուսական պարզ դիվանագիտություն»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG