Մատչելիության հղումներ

Պուտինը Վրաստանի իշխանությունների գործողությունները որակում է «պետական ահաբեկչության ակտ»


Կիրակի օրը Նովո-Օգարյովոյում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի իշխանությունների վերջին գործողությունները որակել է որպես «պետական ահաբեկչության ակտ՝ պատանդառմամբ»:

«Լիովին պարզ է, որ փորձում են Ռուսաստանին ավելի ցավոտ խոցել, սադրել: Դա պետք է ակնհայտ լինի բոլորի համար», - ասել է Պուտինը: - «Եվ, ըստ ամենայնի, նրանք, ովքեր դա անում են, ենթադրում են, թե արտաքին քաղաքականության հակառուսական ուղղվածությունը համապատասխանում է վրաց ժողովրդի շահերին: Չեմ կարծում, թե այդպես է»:

Նրա խոսքերով, չնայած Ռուսաստանը հետեւողականորեն իրականացնում է Վրաստանի տարածքից զինված ստորաբաժանումների դուրսբերման մասին երկկողմ բոլոր համաձայնությունները, Վրաստանում բռնել եւ բանտ են նետել ռուս զինծառայողների:

Ռուսաստանի նախագահը դա համարել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում «Լավրենտի Պավլովիչ Բերիայի քաղաքականության ժառանգորդման նշան», ավելացնելով, թե, «ըստ երեւույթին, այդպիսի դիրքորոշում է»:

«Հավանաբար, կան ուժեր, որոնք ուղղակի մասնագիտանում են նորանոր ճգնաժամներ ստեղծելու մեջ՝ ենթադրելով, թե դա ուշադրությունը կշեղի հին խնդիրներից», - հայտարարել է Պուտինը եւ հավելել. - «Կարճաժամկետ հեռանկարում դա գուցեեւ կարող է ունենալ նման արդյունք: Սակայն հստակ է, որ դա բացարձակապես չի օգնի աշխարհում առկա հին եւ բավական լուրջ հիմնախնդիրների լուծմանը»:

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, նույն օրը Ռուսաստանի նախագահը ցուցում է տվել պաշտպանության նախարարությանը, չնայած ստեղծված իրավիճակին, ժամանակացույցին համապատասխան շարունակել Վրաստանի տարածքում տեղաբաշխված ռուսական զորքերի դուրսբերումը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը «ոչ համարժեք է արձագանքում կատարվածին»: Նա նաեւ չի համաձայնել Պուտինի այն պնդմանը, թե Վաշինգտոնը փորձում է ճգնաժամ առաջացնել ռուս֊-վրացական հարաբերություններում:

Այս շաբաթ ռուս-վրացական հարաբերությունների հետ կապված իրավիճակը քննարկման առարկա կդառնա նաեւ Ռուսաստանի Պետդումայում ներկայացված քաղաքական կուսակցությունների եւ Դաշնության խորհրդի ղեկավարության հետ Պուտինի հանդիպման ժամանակ:

Երկու երկրների միջեւ հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Վրաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց մոտ մեկուկես տասնյակ մարդ, այդ թվում ռուս զինծառայողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG