Մատչելիության հղումներ

Ամփոփվեցին Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության արդյունքները


Սեպտեմբերի 28-ին նշվող Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ Երեւանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխության` 2006 թվականի արդյունքները:

Չորրորդ տարին անցկացվող մրցանակաբաշխության արդյունքներով, շնորհվեցին պայմանական «ոսկե բանալիներ» (տեղեկատվության ազատության առումով որոշակի ձեռքբերումների համար) եւ «ժանգոտած կողպեքներ» (տեղեկատվությունը հանրությունից թաքցնելու առումով «առավել մեծ հաջողությունների» համար):

«Ոսկե բանալիները» հաղթողներին հանձնեցին ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Ոսկե բանալիների» արժանացան Կոտայքի մարզպետարանը` որպես «2006 թվականի ամենաբաց գերատեսչություն», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` որպես «տեղեկատվության ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած կազմակերպություն», «Առավոտ» օրաթերթից Հռիփսիմե Ջեբեջյանը` որպես տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները «հետեւողականորեն լուսաբանած եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող», «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արտակ Զեյնալյանը` որպես «տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած քաղաքացի», եւ ՀՀ Գլխավոր դատախազության ինտերնետային էջը` որպես «լավագույն պաշտոնական ինտերնետային էջ»:

«Ժանգոտած կողպեքների» արժանացել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը` «ոչ ճշգրիտ պատասխան տրամադրած պետական գերատեսչություն», եւ «ԱրմենՏել»-ը` որպես «ամենափակ մարմին»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG