Մատչելիության հղումներ

Վրաստանում ձերբակալվել է լրտեսության եւ սադրիչ գործողություններ նախապատրաստելու մեջ մեղադրվող խումբ


«Վրաստանում շատ վտանգավոր խումբ է վնասազերծվել, եւ նրանց գործունեության մասին ունենք ապացույցներ», - երեկ երեկոյան հրավիրած ասուլիսում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին:

Վրաստանի հակահետախուզական ծառայությունը ձերբակալել է ռուսաստանցի 4 սպաների եւ Վրաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքացիների: Հայտարարվել է, որ խմբի անդամները մեղադրվում են լրտեսության մեջ եւ «սադրիչ գործողություններ էին նախապատրաստում»:

Ձերբակալված քաղաքացիների մեջ կան հայեր: «Կովկասպրես» գործակալությունը ներկայացրել է ձերբակալված քաղաքացիների անուն-ազգանունները՝ Արտաշես Բալոյան, Կարեն Աբոյան, Ազիզ Ազմանյան, Պյոտր Աբրահամյան, ինչպես նաեւ վրացական, ռուսական ազգանուններով քաղաքացիներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, խմբի գործունեությունը Երեւանից համակարգել է գլխավոր հետախուզական վարչության սպա Անատոլի Սինիցինը:

Վանո Մերաբիշվիլիի խոսքերով, Վրաստանի իրավապահ մարմինները բազմաթիվ կոնկրետ փաստեր ունեն ձերբակալվածների հակաօրինական գործունեության մասին:

Ըստ նախարարի, խմբի հետաքրքրությունների հիմնական շրջանակը ընդգրկել է Վրաստանի պաշտպանունակությունը, ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրվելու խնդիրները, Վրաստանի էներգետիկ անվտանգությունը, քաղաքական կուսակցությունները, ռազմական նպատակներով գնումները, նավահանգիստները, երկաթուղային հաղորդակցությունն ու ապրանքաշրջանառությունը, հակամարտությունների գոտում տեղակայված զինվորական կազմավորումները:

Թե ինչո՞ւ է որոշվել հենց հիմա ձերբակալել նրանց՝ Մերաբիշվիլին այսպես է պարզաբանել. - «Մենք տեղեկատվություն ունեինք, որ նրանք լուրջ սադրանքներ են պլանավորել, ուստի շտապ որոշում կայացրեցինք բռնել նրանց եւ կանխել սադրանքը»:

Դեպքերից անմիջապես հետո պարզաբանումների համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Ռուսաստանում Վրաստանի դեսպան Իրակլի Չուբինիշվիլին:

Ռուսաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը հայտնել է, որ դեսպանին համապատասխան նոտա է հանձնվել՝ Վրաստանի իշխանություններից պահանջելով անհապաղ ազատ արձակել ռուսաստանցի սպաներին:

Արտգործնախարարության հայտարարությունում նշված է, որ ռուս սպաների ձերբակալությունը «հերթական կոպիտ դրսեւորումն է, որն ապացուցում է Վրաստանի իշխանությունների հակառուսական դիրքորոշումը»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG