Մատչելիության հղումներ

ՍԾՏՀ-ի երկրները մտադիր են օղակաձեւ ավտոմայրուղի կառուցել Սեւ ծովի շուրջը


Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) 12 անդամ երկրների տրանսպորտի նախարարները այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Սեւ ծովի շուրջը օղակաձեւ ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը ասել է, որ ավտոմայրուղու հարցը վերջնականապես հաստատվելու է նոյեմբերին, երբ համապատասխան հուշագիր կստորագրեն ՍԾՏՀ-ի երկրների արտգործնախարարները: Իսկ առայժմ շահագրգիռ երկրների տրանսպորտային գերատեսչությունները պատրաստել են ավտոմայրուղու շինարարության վերաբերյալ իրենց առաջարկները:

Ըստ Լեւիտինի, ՍԾՏՀ-ի բանկը եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը արդեն պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել շինարարությունում:

Հայաստանի տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը առաջարկել է մայրուղին կառուցելիս հաշվի առնել դեպի Սեւ ծով տրանսպորտային ելքի հնարավորությունը այն երկրների համար, որոնք այժմ չունեն դա:

Նախնական գնահատումներով, ավտոճանապարհի երկարությունը կլինի ավելի քան 7 հազար 100 կիլոմետր: Այն անցնելու է Ստամբուլով, Բաթումիով, Նովոռոսիյսկով, Տագանրոգով, Մարիուպոլով, Օդեսայով, Քիշնեւով, Բուխարեստով, Խարկովով, Ալեքսանդրոպոլիսով:

Կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիսանթոպուլոսը հայտարարել է, մասնավորապես, որ ավտոմայրուղու շինարարությունը թույլ կտա կապ հաստատել Եվրոպայի եւ Ասիայի ճանապարհային ենթակառուցվածքների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG