Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկող նստաշրջանում Եվրախորհրդարանը կքննարկի նաեւ Թուրքիայի վերաբերյալ զեկույցը


Ստրասբուրգում այսօր մեկնարկում է Եվրախորհրդարանի հերթական նստաշրջանը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաեւ Թուրքիայի իրականացրած բարեփոխումների շուրջ խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի` վերջերս ընդունած զեկույցը:

Եվրոպացի օրենսդիրներն այս փաստաթղթում բավական սուր քննադատության էին ենթարկել Թուրքիայի իշխանություններին եւ հատկապես անբավարար գնահատել տեսակետների ազատ արտահայտման, կրոնական ու ազգային փոքրամասնությունների, Կիպրոսի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ կատարված քայլերը:

Նույն փաստաթղթում Եվրախորհրդարանի անդամները նաեւ կոչ էին արել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ենթադրվում է, որ նստաշրջանում բուռն քննարկումներ կծավալվեն հենց այս հարցի շուրջ:

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Հիլդա Չոբոյանի տեղեկություններով, խորհրդարանի երկու քաղաքական ուժերը` սոցիալիստներն ու ազատականները, պատրաստվում են Թուրքիային առաջադրվող նախապայմանների ցանկից հանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը:

«Թե' խորհրդարանական միջոցներով, թե' տեխնիկական միջոցներով փորձելու ենք համոզել այս քաղաքական խմբերին վերանայել իրենց դիրքորոշումը, քանի որ այս նույն խմբերը, նույն կուսակցություններն են` նույն անձերով, որ հանձնաժողովում փաստաթղթի քննարկման ժամանակ ներմուծեցին այս գաղափարը», - «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում ասաց Հիլդա Չոբոյանը: - «Այժմ նրանց որդեգրած կեցվածքը շատ հակասական է, եւ, անշուշտ, իրենցից չի բխում, այլ գալիս է թուրք կառավարության ծանր ճնշումներից, մասնավորապես, պետությունների վրա: Եվ այդ ճնշման արդյունքն է, որ այժմ մենք տեսնում ենք քաղաքական կուսակցությունների վրա»:

Սոցիալիստները Եվրախորհրդարանում ունեցած պատգամավորների թվով երկրորդ տեղն են գրավում: Առաջին տեղում քրիստոնեա-դեմոկրատներն են, որոնք, ըստ տիկին Չոբոյանի, պաշտպանում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը:

«Կարծում եմ, ուժերը բավական հավասարակշռված են, եւ մենք, որոշ փոփոխություններով, պիտի կարողանանք այս պարբերությունը ազատել», - ասաց Հիլդա Չոբոյանը:



Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG