Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հերքեց հայկական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական լրատվամիջոցների այսօր տարածած հաղորդագրությունը:

Համաձայն ադրբեջանական APA լրատվական գործակալության տեղեկատվության, սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը «հայկական զինուժը Աղդամի շրջանի դիրքերից գնդակոծել է ադրբեջանական բանակի դիրքերը, ինչի հետեւանքով զոհվել է ադրբեջանցի մեկ զինվոր»: Ադրբեջանի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունում հաստատել են զինծառայողի մահվան լուրը:

Սենոր Հասրաթյանը հաղորդագրությունը որակեց որպես Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության կողմից տարածվող հերթական ապատեղեկատվություն:

Նա վստահեցրեց, որ ղարաբաղյան կողմը շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը, մինչդեռ ադրբեջանական կողմը պարբերաբար տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներով խախտում է հրադադարը: «Այնքան պարբերաբար, որ ավելորդ ենք համարում այդ մասին նշել», - ավելացրեց Հասրաթյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG