Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ամփոփելով անկախության ձեռքբերումները` «168 ժամ» թերթի մեկնաբանն այսօր շեշտադրել է. - «Հասկանալի է, որ 15 տարի առաջ Հայաստանի ապագան միանգամայն այլ կերպ էր ընկալվում, եւ ակնկալիքներն ավելի մեծ էին։ Բայց անկախության հիմնական արժեքը հենց այն է, որ ինքդ ես պատասխանատու վիճակի համար, եւ եթե ինչ-որ բան այնպես չէ, պատճառները քո ներսում պիտի փնտրես: Ճիշտ է դրա համար հասունանալ է պետք, բայց համաձայնեք՝ 15 տարին քիչ չէ»։

«Իր պատմության վերջին հազարամյակում առաջին անգամ Հայաստանը բոլորում է պետական անկախ ու ինքնիշխան կյանքի մեկ ու կես տասնամյակը՝ հետեւում թողնելով պատերազմի, անցման շրջանին բնորոշ տնտեսական բարդ կացության ու քաղաքական ցնցումների ծանր բեռը»,- կարդում ենք «Հայոց Աշխարհ» օրաթերթի խմբագրականում: Ապա մեկնաբանը վստահ հույս է հայտնում, որ «բազում փորձություններ տեսած ու հաղթահարած հայ ժողովուրդը կդիմակայի նաեւ նոր մարտահրավերներին եւ արդեն մոտ ապագայում իր զավակների համար կստեղծի բարգավաճ կյանք ու երբեք չի նահանջի անկախության ու ինքնիշխանության դժվարին, բայց պատվաբեր ճանապարհից»:

«15 տարի արդեն մեր երազած անկախության տերերն ենք, բայց իրա՞վ մեր ակնկալած անկախությունն է», - իր հերթին հարցնում է «Ազգ»-ի մեկնաբանը` փաստագրելով. - «Երեւանում արդեն շաբաթից ավելի անկախության տարեդարձի նախապատրաստական բուռն աշխատանքներ են ընթանում: Շարքային քաղաքացին այդ ամենին հետեւում է կողքանց: Այս անկախությունը դեռ իր ցանկացած անկախությունը չէ: Իր երազած անկախությունը դեռ գալու է: Բայց ինքը գիտի՝ այս երկիրը իրենն է, ինչպիսին էլ լինի»:

«Առավոտ»-ի խմբագիրը, որակելով, թե «մեր 15 տարվա պատմության մի մասը զուտ որպես «ցրտի ու մթի տարիներ» ներկայացնելը զուտ քարոզչական շտամպ է ու ճշմարտությունը ներկայացնելու կամ փնտրելու հետ որեւէ կապ չունի», առանձնացրել է. - «Մինչեւ 94-ի մայիսը մարտահրավերը պատերազմն էր, եւ մենք այդ փորձությունից պատվով դուրս եկանք։ Դրանից հետո սկսվեց շատ բնական լճացումը, հոգնածությունը, հիասթափությունը... Եթե մեր ժողովուրդը ներքին պահանջ զգա պատասխանել այսօրվա մարտահրավերներին, որոնցից ամենակարեւորը, անշուշտ, ժամանակակից ժողովրդավարական պետության ստեղծումն է, նա նորից կլարի իր ուժերը»:

«168 ժամ»-ի մեկնաբանը, արձանագրելով, որ ի տարբերություն Հայաստան - Սփյուռք նախորդ համաժողովների, 3-րդ համաժողովում «մերոնք Սփյուռքի իրենց հայրենակիցներից շատ ավելի կոնկրետ բան էին ուզում՝ փող՝ գյուղերը զարգացնելու նպատակով», շարունակում է. - «Դրսից ժամանած մեր հայրենակիցները բավականին սրտնեղած էին եւ միմյանց հետ այսպիսի կարծիքներ են փոխանակել՝ եթե ամբողջ իմաստը փող ուզելն էր, էլ ինչո՞ւ էինք գալիս։ Թող ասեին՝ ճանապարհածախսի, հյուրանոցի եւ մնացած բաների վրա ծախսած փողը կուղարկեինք»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ «երեկ Ռոբերտ Քոչարյանը բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր եւ ծաղկեպսակ է դրել Զորավար Անդրանիկի եւ Վազգեն Սարգսյանի գերեզմանին»։ Թերթը հիշեցրել է, որ «վերջին մի քանի տարիներին Քոչարյանը Եռաբլուր չէր գնում, այլ բավարարվում էր ծաղկեպսակ ուղարկելով»։

«Վարորդը նաեւ հսկիչ է» խոսուն վերնագրի տակ նույն թերթը փոխանցելով, թե Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանությունից հետո Հայաստանի նախարարություններում եւ գերատեսչություններում ի հայտ են եկել նոր գործառույթներ, մանրամասնել է. - «Բարձրաստիճան չինովնիկների վարորդները օրվա ընթացքում հերթապահում են փողոցում կանգնած ավտոմեքենաների մոտ, ուշադիր հետեւում դրանց արանքներում անցուդարձ անողիներին»։ Նման պահվածքի պատճառը, ըստ թերթի, մտավախությունն է, թե մեքենաների տակ կարող են պայթուցիկներ տեղադրել։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG