Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Սփյուռքը մեկ ամբողջություն չէ եւ չի կարող լինել»


Հայաստան - Սփյուռք 3-րդ խորհրդաժողովն այսօր շարունակվեց «Հին հարցերի նոր պատասխաններ. Հայաստանը 21-րդ դարում» ֆորումով, որին ներկա էր նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:

Ֆորումին մասնակցող սփյուռքահայերը, ովքեր ունեն որոշակի նախաձեռնություններ եւ մտադիր են աջակցել հայկական գյուղերի աղքատության հաղթահարման հիմնախնդիրը լուծելու ծրագրին, այսօր քննարկում էին, թե ինչ ձեւով կարելի է դա իրականացնել, եւ նրանց հետաքրքրում էր, թե ո՞ր գերատեսչությունն է զբաղվելու իրենց գործունեության համակարգմամբ:

«Ազատություն» ռադիոկայանը սփյուռքահայերին հուզող այդ հարցն ուղղեց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին, ինչին ի պատասխան խոսնակն ասաց.- «Ամեն մեկին թվում է, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան պիտի անի, ինքն էլ պիտի կողքից նայի: Որպեսզի որեւէ բան հետեւանք ունենա, պետք է քայլեր անել, պետք է միասին` թեկուզ երեք հոգի միավորվեն ու միասին գործ անեն: Այդ ժամանակ ամեն ինչ էլ կլինի: Եթե ամեն մեկը սպասի, որ մեկ ուրիշը անի, վստահ եմ, որ չի լինի»:

Դիտարկմանը, թե գուցե համակարգման խնդիր կա, եւ մարդիկ չեն ցանկանում իրենց դերը սահմանափակել միայն փող փոխանցելով, Թորոսյանը արձագանքեց. - «Նախ, ես չեմ կարծում, որ մի շատ մեծ փողեր են... իհարկե, տվածը պետք չէ հաշվել, պետք է շնորհակալ լինել: Բայց նաեւ մյուս կողմից պետք չէ հաշվել: Համակարգման համար` նման խնդիր չկա. պետք է երկու-երեք հոգի միավորվեն: Պետք է միասին աշխատել»:

Ազգային ժողովի նախագահն ասաց, թե, եթե խնդիրը միայն միավորված ջանքերի համակարգումն է, ինքը պատրաստ է իր վրա վերցնել այդ պարտականությունը:

Թորոսյանը խնդիր է տեսնում հետեւյալում. - «Մարդիկ, սովորաբար, երբ միասին ինչ-որ բան պիտի անեն, ամեն մեկը մտածում է, որ ինքը պիտի դառնա այդտեղ ղեկավարը, նախագահը, գլխավորը... ինչպես քաղաքականության մեջ: Բայց գործ անելու համար բոլորովին պարտադիր չէ, որ մեկը դառնա ղեկավար»:

Հարցին, թե արդյոք դժվար է միավորել սփյուռքը, Թորոսյանը պատասխանեց. - «Նախ, ես կարծում եմ, սխալ պատկերացում կա` սփյուռքը մեկ ամբողջություն չէ եւ չի կարող լինել: Ինչպե՞ս կարող են Սիրիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների սփյուռքները մեկ ամբողջություն լինել: Մենք պիտի խնդիրներ դնենք, փորձենք խնդիրների շուրջ մարդկանց հավաքել: Եվ ոչ թե` սփյուռքը միավորել: Սփյուռքը չի կարող միավորվել. սա բացարձակ անհեթեթ գաղափար է»:

Սփյուռքահայերը, սակայն, կարեւորում են սփյուռքի միավորման հարցը, եւ այսօրվա ֆորումում նաեւ այդ խնդիրը լայնածավալ քննարկման առարկա դարձավ:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG