Մատչելիության հղումներ

Յոթնամյա ընդմիջումից հետո վերսկսվել է «Հայք» թերթի հրատարակումը


Երկարատեւ ընդմիջումից հետո երեքշաբթի օրը լույս տեսավ «Հայք» թերթը` 1500 տպաքանակով:

Հին «Հայք»-ի գլխավոր խմբագիր, ներկայումս «Տարեգիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, անկուսակցական Վասակ Դարբինյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ թերթը կարելի է համարել քաղաքական ուղղվածության, բայց այն կպարունակի մարդկանց հետաքրքրող ամենաբազմազան տեղեկատվություն:

Հարցին, թե «Հայք»-ը դարձյա՞լ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) պաշտոնաթերթն է, ինչպես նախկինում էր, Դարբինյանը պատասխանեց. - «Հայք»-ը պաշտոնաթերթ չէ: Այս անգամ «Հայք»-ը լույս կտեսնի իբրեւ անկախ օրաթերթ: «Հայք»-ը անմիջականորեն իր անվամբ կապվում է ՀՀՇ-ի հետ, եւ այստեղ գաղտնիք չկա. նախաձեռնողները, որոնք ցանկություն հայտնեցին վերահրատարակել «Հայք»-ը, ՀՀՇ-ի վարչությունն է, առաջին հերթին՝ վարչության նախագահը»:

«Ասելով անկախ՝ ես հասկանում եմ, որ ՀՀՇ-ն իր գաղափարախոսությամբ ազատական արժեքներ է դավանում, եւ անկախ մամուլը, կարծում եմ, այդ հարցում որեւէ հակասության մեջ տվյալ գաղափարախոսության հետ լինել չի կարող», - պարզաբանեց Վասակ Դարբինյանը:

Անդրադառնալով թերթի ֆինանսավորմանը` նա ասաց. - «Կա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն ունի տնօրեն, եւ իրենք են կարգավորում այդ հարցերը: Որքանով ինձ հայտնի է, անմիջականորեն ՀՀՇ-ի վարչության նախագահն է հայթայթել ֆինանսական միջոցները»:



Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG