Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը Եվրամիության առջեւ պարտավորությունների կատարմանը նվիրված արտահերթ նստաշրջան է անցկացնում


Թուրքիայի խորհրդարանում այսօր մեկնարկում է Եվրամիությանն անդամակցության ճանապարհին ստանձնած պարտավորությունների կատարմանը նվիրված արտահերթ նստաշրջանը: Այս անգամ թուրք պատգամավորները կքննարկեն երկրի կրթական, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հնարավորությունները:

«Անշուշտ, նման քննարկումները շատ ողջունելի են», - «Ռոյթերզ» գործակալությանն ասել է Եվրամիության դիվանագետներից մեկը. - «Սակայն այս ուղղությամբ իրական առաջընթաց արձանագրելու համար խոսքերը քիչ են, փոխարենը՝ Թուրքիայի կառավարությունը պետք է առավել նպատակաուղղված քայլեր ձեռնարկի Կիպրոսի հարցում ստանձնած պարտավորությունների, ինչպես նաեւ տեսակետների եւ կարծիքների ազատ արտահայտման ուղղությամբ»:

Ի զարմանս բազմաթիվ փորձագետների՝ օրերս Թուրքիայի անդամակցությանն աջակցելու պատրաստակամություն հայտնեց նաեւ Հունաստանի արտգործնախարարությունը:

«Մենք Թուրքիայից արտառոց ոչինչ չենք պահանջում, սակայն եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար այդ երկիրը պետք է քաղաքական կամք ցուցաբերի եւ իրականացնի իր ստանձնած պարտավորությունները, նախ եւ առաջ՝ Կիպրոսի առջեւ բացի իր նավահանգիստներն ու սահմանները»,- հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը:

«Ճշմարիտ է, որ մեզ համար կենսական նշանակություն ունի հարեւանությունը ժողովրդավար եւ զարգացած Թուրքիայի հետ: Դա է պատճառը, որ մենք պատրաստ ենք լայնորեն աջակցել այդ երկրի անդամակցությանը»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը:

Թուրքիային առաջադրված պահանջների թվում այս ամսվա սկզբին Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը առանձնացրեց նաեւ Հայաստանի հետ սահմանը վերաբացելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը՝ որպես Եվրամիությանը այդ երկրի անդամակցության նախապայման:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG