Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ նախորդ գիշեր մի խումբ անձինք շրջափակել են Արմավիրի «Բարգավաճ Հա յաստան» կուսակցության կառույցի ղեկավար Արայիկ Աղաբաբյանի տունն ու պահանջել, որ նա դուրս գա: Ըստ վերջինիս, այդ մարդիկ զինված են եղել, բայց հարեւանների անհանգստության նշաններից հետո հեռացել են: Անձանց ինքնության հետ կապված՝ նա պնդել է, որ իր կուսակցությունը մեկ հակառակորդ ունի՝ Հանրապետականը: «Ժամանակ Երեւան» թերթը լրացնում է, որ Աղաբաբյանն Արմավիրի քաղաքապետի թեկնածուներից է՝ առաջիկայում կայանալիք ընտրություններում:

«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով Հայաստան - Սփյուռք 3-րդ համաժողովում Հայաստանի նախագահի ելույթին, մասնավորապես, շեշտադրել է. - «Քոչարյանը Հայաստանի զանազան նվաճումների ու ձեռքբերումների կողքին խուսափեց առկա լրջագույն խնդիրները ներկայացնելուց, եւ անգամ ՀՀ քաղաքացին կարող է մի ակնթարթ շփոթվել»: «Եվ ակամա հանդգնելով փոքր-ինչ փչացնել սփյուռքի մեր հայրենակիցների տրամադրությունը, սակայն ձգտելով լրացնել հայրենիքի մասին նրանց ստացած տեղեկատվության պակասը, արձանագրենք «անցած չորս տարիներին» վերաբերող մի քանի իրողություն եւս», - գրել է խմբագիրն ու թվարկել. - «Անցած չորս տարիներին Հայաստանում տեղի են ունեցել մինչ այդ նմանը չունեցած կեղծ ընտրություններ եւ հանրաքվե, ինչը հասարակությանն ընկղմել է իրավական եւ առհասարակ քաղաքացիական խոր նիհիլիզմի մեջ: Անցած չորս տարիներին երկիրն աննախադեպ նահանջ է կատարել առանց այդ էլ փխրուն ժողովրդավարությունից, իսկ տնտեսությունը վերջնականապես «հանձնվել է» օլիգարխներին եւ նրանց հովանավորող պաշտոնյաներին»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականը, իր հերթին արձանագրելով, որ Հայաստան - Սփյուռք համաժողովին հիմնականում հրավիրված են զարգացած երկրների մեր հայրենակիցները, իր տպավորությունն է փոխանցել հնչած ելույթներից՝ շեշտադրելով. - «Ժողովրդավարություն», «ազատություն», «հաշտություն» բառերը Հայաստան - Սփյուռք խորհրդաժողովներում կա’մ ընդհանրապես չեն հնչում, կա’մ հնչում են բոլորովին այլ ենթատեքստում։ Դրանցում նույնիսկ ամերիկացի կամ եվրոպացի մեր հայրենակիցները չեն խոսում այն մասին, որ իրենց համար այդքան սիրելի եւ պատվելի Հայաստանը դարձել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Չեն խոսում, որ Հայաստանը եւ ժամանակակից արժեքները այլեւս անհամատեղելի են դարձել... Դե, եթե այս մասին չի խոսվում, նշանակում է՝ այլ ասելիք չկա։ Մնացածը ընդամենը տարբեր լեզուներով հնչեցված լոլոներ են, իսկ լոլոների տակ մարդիկ քնում են»։

«Իրավունք»-ը փոխանցելով, թե երեկ Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին եւ նույն կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ Էդգար Հելհելյանին կանչել էին Ազգային անվտանգության ծառայություն եւ այնտեղ մի քանի ժամ հարցաքննել։ Ըստ թերթի աղբյուրի, «կագեբեականներին» հիմնականում հուզել էր ՀՀ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի «երկնագույն» կողմնորոշման մասին հայ արիների կտրուկ հայտարարությունների տարափը, ինչը, չգիտես ինչու, համարել են սպառնալիք ազգային անվտանգությանը։ Այստեղից թերթը եզրակացրել է, որ «բոլոր դեպքերում Ռոբերտ Քոչարյանը ստորագրելու է Հոգլանդի հավատարմագիրը՝ առանց հաշվի առնելու որեւէ այլ հանգամանք»։

«Հայկական ֆաշիզմ» վերնագրի տակ «168 ժամ» թերթն այսօր արձագանքելով «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի վերջերս արած հայտարարությանը, թե «Հայաստանի նախագահը պետք է լինի հայաստանցի», նկատել է. - «Ժամանակակից Եվրոպայում այդ ռասայական տրոհման գաղափարակիրը Լը Պենն է։ Թերեւս միայն նրա տրամաբանությամբ կարելի է ղարաբաղցի - հայաստանցի հակասություն հորինել, որովհետեւ առողջ տրամաբանությունը երկրին ոչ թե ծագումով Արթիկի Սպանդարյան գյուղից կամ ստեփանակերտցի պաշտոնյաներ են պետք, այլ պրոֆեսիոնալներ», - գրել է թերթն ու հիշեցրել. - «2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Բաղդասարյանը պաշտպանելով ծնունդով ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ հայտարարում էր, որ կապ չունի, թե Հայաստանի նախագահը ծնունդով որտեղացի է։ Միգուցե այն ժամանակ Արթուր Բաղդասարյանը դա անում էր ամեն կերպ պառլամենտ մտնելո՞ւ համար։ Այդ դեպքում, այսօր էլ ազգի հատվածներն իրար հակադրելով՝ նա այլ խաղ է սկսել»։

«Առավոտ»-ի տեղեկություններով, Էջմիածնի Հռիփսիմեի վանքի մոտից իր անձնական «Մերսեդես»-ով բերման ենթարկված Արամ Արամունու պայուսակի կոնֆետների միջից ափիոնի նմանվող զանգված է հայտնաբերվել: Ըստ թերթի, Արամունին հարկայինի տեսուչ է:

«Հիմա էլ Հայաստանում է փախած» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն»-ը տեղեկացնում է. - «Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը երկար ժամանակ մնալով փախուստի մեջ, վերջապես վերադարձել է Հայաստան»: Ըստ թերթի աղբյուրների, նա այժմ իր ծննդավայրում է` Գավառում: - «Այս պատգամավորն այն «օրինակելի» պատգամավորներից է, որ Ռուսաստանի «Կուտուզով Հոլլ» խաղատանը տանուլ էր տվել 800 հազար ԱՄՆ դոլար եւ որոշել «քցել» խաղատան տերերին ու գումարը չտալ»: «Այժմ նա իր հարազատ ծննդավայրում շրջում է թիկնապահական խմբով եւ բացատրում, որ իր անվան շուրջ պտտվող խոսակցությունները սուտ են: Չնայած դրան, նա խուսափում է երեւալ մարդաշատ վայրերում: Մինչդեռ նրա` Հայաստանում լինելու մասին շատ քիչ մարդիկ գիտեն»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG