Մատչելիության հղումներ

Մեսրոպ Մութաֆյան. «Իսլամի մասին Հռոմի պապը խոսել է ավելի շուտ որպես գիտնական»


«Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը խոսել է ավելի շուտ որպես նախկին գիտնական, քան Պապ, որը պետք է զգուշորեն ծանրութեթեւ անի իր բառերը», - շաբաթավերջին հայտարարել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը՝ մեկնաբանելով իսլամի վերաբերյալ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի`մահմեդականների վրդովմունքը հարուցած արտահայտությունները:

«Պապը չպետք է ներողություն խնդրի, սակայն, կարծում եմ, նա պետք է պարզաբանի իր դատողությունները»,- «Ռոյթերզ» գործակալության հաղորդման համաձայն, ասել է Մեսրոպ պատրիարքը:

Մահմեդական աշխարհը վրդովված է իսլամի մասին Հռոմի Պապի` Գերմանիայում արած հայտարարությունների կապակցությամբ: Իսլամական տարբեր պետություններ սուր քննադատության են ենթարկել Պապին` պահանջելով, որ վերջինս ներողություն խնդրի:

Բավարիայի Ռեգենսբուրգ քաղաքի համալսարանում կարդացած դասախոսության ընթացքում Բենեդիկտոս 16-րդը կոչ էր արել «մտածել ջիհադի (սրբազան պատերազմի) իսլամական հայեցակարգի մասին, որը հակասում է բանականությանը եւ աստվածային էությանը»:

Թուրքական «Զաման» թերթի տեղեկություններով, Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին ի պատասխան հայտարարել է, թե «Պապը չէր ցանկանում իսլամը ներկայացնել որպես բռնություն քարոզող կրոն»:

Միաժամանակ,ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը հայտարարել է, թե նոյեմբերին Հռոմի պապի՝ այդ երկիր կատարելիք այցի հետ կապված փոփոխությունների հարց դրված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG