Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Վոլսկ քաղաքում ազգամիջյան բախման արդյունքում զոհվել է մեկ մարդ


Ուրբաթ օրը հայտնի է դարձել, որ ավարտվող շաբաթվա ընթացքում ռուսների եւ հայերի միջեւ բախումներ են արձանագրվել Ռուսաստանի Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Սարատովի մարզային ոստիկանության խոսնակ Ալեքսեյ Եգորովը հայտնել է, որ կիրակի օրը մեկ ռուսաստանցի է զոհվել քաղաքի ակումբներից մեկում հայերի եւ ռուսների միջեւ ծագած ծեծկռտուքի հետեւանքով: Բախումների արդյունքում վիրավորվել է երեք մարդ:

Եգորովը հայտարարել է, թե միջադեպը պայմանավորված չէ ազգամիջյան ատելությամբ:

Մինչդեռ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանը հաղորդել է, որ այն շարունակություն է ունեցել հաջորդ օրը, երբ հարձակման են ենթարկվել քաղաքի շինարարական քոլեջներից մեկի հայ ուսանողները, որոնցից մեկը դանակի հարված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ալեքսեյ Եգորովը նաեւ հերքել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդած տեղեկությունը, թե բախումները շարունակվել են նաեւ անցած գիշեր, երբ Վոլսկի քաղաքի բնակիչները «կովկասցիների զտում» են անցկացնել:

Ոստիկանությունը բերվել է ծառայության ուժեղացված ռեժիմի: Իշխանությունների հրահանգով, քաղաքի շուկաներում առեւտրով զբաղվող կովկասցիները աշխատանքի դուրս չեն եկել:

Իսկ Մոսկվայում հինգշաբթի օրը, ըստ «Ինտերֆաքս» գործակալության, տեղի է ունեցել չարտոնված հանրահավաք, որի մասնակիցները պահանջել են «մաքրել բուհերը եւ բուհերի հանրակացարանները կոսվկասցիներից եւ ԱՊՀ երկրների քաղաքացիներից»: Նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում ազգամիջյան հողի վրա ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է մոտ 80 մարդ: Ոստիկանության տվյալներով, նրանց մի մասը «սափրագլուխներ» են եղել:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG