Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության քննությունը սկանդալային ընթացք կարող է ստանալ, այն իմաստով, որ կարող է հաստատվել մեր առաջ քաշած այն վարկածը, թե տեղի ունեցածը ղարաբաղյան կլանի տրոհման արդյունք է, եւ իշխանության մի թեւը հաշվեհարդար է տեսել մյուս թեւի ներկայացուցչի նկատմամբ»:

Նույն թեմայի շուրջ «Չորրորդ իշխանություն» թերթը շեշտում է. - «Սպանության բացահայտման օպերատիվ հետախուզական մասը հանձնարարվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը: Սրա պատճառը թերեւս այն է, որ ԱԱԾ-ն ամբողջությամբ ենթարկվում է Ռոբերտ Քոչարյանին, եւ վերջինս վստահում է հենց այդ կառույցին: Իսկ սա նշանակում է, որ Քոչարյանը իսկապես ցանկանում է պարզել Շահեն Հովասափյանի սպանության հեղինակներին», - եզրակացնում է մեկնաբանը եւ շարունակում. - «Միգուցե պատճառն այն է, որ Հովասափյանը միարժեք համարվում էր Ռոբերտ Քոչարյանի մարդ, ընդ որում՝ ամենահավատարիմներից եւ վստահելիներից մեկը: Չի բացառվում, որ Քոչարյանը Շահեն Հովասափյանի սպանությունը ընդունել է որպես իրեն ուղղված մարտահրավեր: Բնականաբար, այդ դեպքում Քոչարյանը չի հանգստանա, մինչեւ չիմանա, թե այս հարվածը հատկապես որ կողմից է եկել»:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն այսօր տպագրել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած Ջոն Էվանսի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը, որտեղ դեսպանը, մասնավորապես, հայաստանյան առաջիկա ընտրությունների առնչությամբ ասել է. - «Մենք համոզված ենք, որ Հայաստանն ավելի ուժեղ պետություն կլինի, եթե ժողովրդավարական ընտրություններ անցկացնի, որոնք ընտրված պաշտոնյաների լեգիտիմության գրավականն են»։ «Մեկ տարի առաջ մեզ խորհուրդ տվեցին այլեւս փող չծախսել հայկական կուսակցությունների հետ տարվող աշխատանքների վրա», - ասել է Էվանսը։ - «Սակայն, մենք չհամաձայնեցինք փորձագետների այդ խորհրդի հետ, քանի որ պատրաստ չէինք հրաժարվել հայկական ժողովրդավարությունից եւ պատրաստ չենք անել դա այսօր»։

Նույն գործակալությանը տված հարցազրույցում, որը տպագրվել է «Առավոտ» օրաթերթում, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան առաջիկա ընտրություններին մոտեցել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի դիտանկյունից. - «Մտադիր չեմ հանդես գալ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամին վերաբերող որեւէ սպառնալիքով, սակայն, իրականությունն այն է, որ մենք հիմնվում ենք Համաշխարհային բանկի եւ Freedom House-ի տրամադրած գնահատականների վրա։ Կա տեսական հնարավորություն, որ եթե ընտրությունները չափազանց խնդրահարույց լինեն, այդ գնահատականները կփոխվեն, եւ Հայաստանն այլեւս չի կարողանա համապատասխանել հիմնադրամի չափանիշներին։ Այդ դեպքում մենք պարտավոր կլինենք դադարեցնել ծրագրի գործունեությունը», - ընդգծել է դիվանագետը։

«Իրավունք» թերթի հարցազրույցում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, պնդելով, թե նախագահի եւ պաշտպանության նախարարի միջեւ որեւէ հակասություն չկա, հիմնավորել է, թե Ռոբերտ Քոչարյանը «աջակցեց, որպեսզի հզորանա Հանրապետական կուսակցությունը, որպեսզի մեծահարուստ եւ ազդեցիկ պատգամավորները, ովքեր երբեւէ չէին էլ հարել որեւէ կուսակցության, համալրեն ՀՀԿ շարքերը»: «Այսօր բոլոր մարզպետերը, թաղապետերը ՀՀԿ անդամներ են... Առանց Ռոբերտ Քոչարյանի ցանկության, նման պաշտոն զբաղեցնող որեւիցե մեկը չէր անդամակցի Հանրապետականին: Այս ամենը կատարվել է հանրապետության նախագահի առնվազն գիտությամբ եւ թույլտվությամբ», - պնդել է «Օրինաց երկիր»-ի նախագահը:

«Վերջին օրերին էլ մեր դրամը շարունակում է իր արծվային ճախրանքը, բայց, կարծում ենք, որ ոչ առանց ՀՀ Կենտրոնական բանկի գործուն եւ թերեւս, հանցավոր աջակցության», - նկատի ունենալով դրամի կտրուկ արժեվորումը, գրել է «Իրավունք»-ի մեկնաբանը ու եզրակացրել. - «Հերթական անգամ ապացուցվում է, թե մեր հայրենի երկրի ֆինանսական կառույցը ինչ փայլուն կերպով սնանկացնում կամ կողոպտում է մեր իսկ ժողովրդին։ Իհարկե, հազիվ թե ԿԲ-ն այդ փաստն ընդունի ու հերթական անգամ միջուցե մեջբերի հայկական վագրի ոստյուններին վայել դեմագոգիկ բացատրություններ»։

Դրամի արժեվորման ընթացքին հետեւելով «Հայոց Աշխարհ» թերթի վելուծաբանը նկատել է, թե այն «ինչոր առումով ձեռնտու է Կենտրոնական բանկին». - «Կենտրոնական բանկը լուրջ խնդիր ունի տեղավորվելու այս տարվա համար նախանշված գնաճի ցուցանիշի մեջ։ Իրավիճակը հատկապես բարդացել է հացամթերքների գների բարձրացման հետեւանքով: Եթե դրամի ուժեղացման ժամանակ ներքին շուկայում հացամթերքները համապատասխան չափով էժանանային, ապա այսօր համաշխարհային գների բարձրացման պայմաններում դրանք լավագույն դեպքում կվերադառնային նախկին մակարդակին։ Այդպես չի լինում, որովհետեւ չկա մրցակցություն, եւ գները ձեւավորվում են ոչ թե շուկայական պայմաններում, այլ ներկրողների ցանկությամբ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG