Մատչելիության հղումներ

Արտգործնախարարությունն արձագանքում է «ձգձգված հակամարտություններին» վերաբերող հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում ընդգրկելուն


Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է «Արմենպրես» գործակալության հարցին`«Ձգձգված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի տարածաշրջանում եւ նրա հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման առումով» կետի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտնելու վերաբերյալ:

«Հայաստանը ընդունում եւ հարգում է ՄԱԿ-ում որեւէ հարցադրում անելու եւ օրակարգային կետ առաջադրելու յուրաքանչյուր երկրի իրավունքը: Թեեւ ՄԱԿ-ի ընթացակարգով հարցը Գլխավոր Ասամբլեայի օրակարգ է մտել, սակայն ՄԱԿ-ի Գլխավոր կոմիտեի կողմից տվյալ նախաձեռնության մերժումը եւ Գլխավոր Ասամբլեայում քվեարկության արդյունքները (16 կողմ, 15 դեմ) միանշանակ ցույց են տալիս միջազգային հանրության տրամադրվածությունը այս հարցի կապակցությամբ», - ասել է արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատարը: - «Նախաձեռնությամբ հանդես է եկել ՎՈՒԱՄ կազմակերպությունը, որի մաս է կազմում նաեւ Ադրբեջանը: Վերջինիս կողմից այդօրինակ հարցադրումը նման ատյանում մեկ անգամ եւս վկայում է, որ այդ երկիրը հետ է կանգնում բանակցությունների սեղանին դրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին առաջարկի մեջ նշված ինքնորոշման իրավունքի եւ ԼՂ կարգավիճակը հանրաքվեով վճռելու դրույթների շուրջ առարկայական քննարկումներից»:

«Մյուս կողմից, եթե Ադրբեջանը նպատակ է հետապնդում ձգձգել ԵԱՀԿ շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացը հեռանկարում ունենալով այն տեղափոխել այլ ատյաններ, ապա դա միանգամայն անընդունելի է Հայաստանի համար: Այս պարագայում Ադրբեջանը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի Լեռնային Ղարաբաղի հետ», - եզրափակել է Վլադիմիր Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG