Մատչելիության հղումներ

Սենատոր Մենենդեսը սառեցրել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վավերացման գործընթացը


Անցած գիշեր Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսը սառեցրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վավերացման՝ գրեթե ավարտին մոտեցած գործընթացը:

Սենատորները Միացյալ Նահանգներում իրավունք ունեն արգելափակել լիագումար նիստերի քվեարկությունները, ինչն էլ արել է սենատոր Մենենդեսը՝ բողոքելով Հայոց ցեղասպանութան հարցում նախագահ Բուշի վարչակազմի որդեգրած քաղաքականության դեմ:

Անցած շաբաթ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկեց հոգուտ Հոգլանդի թեկնածության հաստատման եւ թվում էր, թե Երեւանում Միացյալ Նահագների նոր դեսպանի հաստատումը պարզապես ժամանակի խնդիր է: Այժմ, սակայն, ի հայտ են գալիս նոր բարդություններ:

Սենատոր Մենենդեսի պաշտոնական կայքէջում նրա այս քայլը պատճառաբանված է հետեւյալ կերպ. «Հայտնի է, որ ավելի քան 90 տարի առաջ Օսմանյան կայսրությունը հալածանքների ենթարկեց ու սպանեց 1,5 միլիոն հայերի:1915-ից 1923 թվականները ընկած ժամակահատվածում անմեղ մարդիկ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, սպանվեցին կամ էլ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը: Եվ չնայած բոլոր հալածաքներին, որ հայ ժողովուրդը կրեց վերջին 100 տարիներին, շատերը՝ այդ թվում մեր երկրի նախագահը, խուսափում են տեղի ունեցած ոճրագործությունը բնութագրել որպես ցեղասպանություն»:

Դեսպան Ջոն Էվանսի պաշտոնանկությունը սենատորը բնութագրում է որպես «հակասական», իսկ Հոգլանդի նշանակումը Մենենդեսի մոտ լուրջ մտավախություններ է առաջացնում: Ըստ սենատորի՝ «Հոգլանդի նշանակումը կարող է հետընթաց քայլ լինել, որը չի բխի ոչ Հայաստանի, ոչ էլ սփյուռքի շահերից»:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, ի պատասխան Մենենդեսի նախաձեռնությանը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Lուգարը նշել է. - «Հայաստանը չափազանց կարեւոր երկիր է, որպեսզի մենք այն թողնենք առանց դեսպանի»:

«Մենք ողջունում ենք Հոգլանդի թեկնածությունը մերժելու՝ սենատոր Մենենդեսի սկզբունքային դիրքորոշումը», - ասել է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կեն Խաչիկյանը:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին «խիզախ» է բնորոշել Մենենդեսի արարքը: «Սա եւս մեկ քայլ է Ցեղասպանությունը հաստատելու ուղղությամբ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արդունին: - «Մենք բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանությունը վերահաստատող եւ ճշմարտությունը բարձրաձայնող սենատորների աջակցությունը: Սա շարունակական պրոցես է: Մենք շարունակելու ենք սերտորեն աշխատել Սենատի մեր բարեկամների հետ համատեղ`հասնելու համար վստահությանը, որ Հայոց ցեղասպանությունը եւ պատմական փաստերը դեն չեն նետվելու»:

Սենատորի այս քայլը, սակայն, շատերը դիտարկում են նախեւառաջ նոյեմբերի սկզբին կայանալիք Սենատի միջանկյալ ընտրությունների լույսի ներքո: Մենենդեսի հակառակորդը առաջիկա քվեարկության ընթացքում լինելու է հանրապետական Թոմ Քինը, որը, ի տարբերություն իր կուսակիցների ճնշող մեծամասնության, սուր կերպով քննադատում է գործող վարչակազմին՝ անգամ պահանջելով պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի անհապաղ հրաժարականը»:


Գեւորգ Ստամբոլցյան եւ Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG