Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի տեղեկություններով, օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Նորքի առաջին զանգվածի նորաբաց դիսկո-բարում: «Ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն է ունեցել Ազգային Ժողովի պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդին: Միջադեպը, ըստ մեր աղբյուրի, փորձում են կոծկել նաեւ այն պատճառով, որ վերոնշյալ տարածքը պատկանում է Նոր Նորքի փոխոստիկանապետին», - գրում է թերթը:

«Այն նախագիծը, որը պատրաստվում են դնել քննարկման՝ ական է». - «Առավոտ»-ի հարցազրույցում «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգի ներդրման» ծրագրի նախագիծը այսպես է գնահատում «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:

«Առավոտ»-ի խմբագրականը, վերլուծելով նոր օրհներգի ընտրության ազգային-հոգեբանական շարժառիթները, այսօր փորձել է ուրվագծել հայաստանյան կյանքի դժվարությունները. - «Ժողովուրդը կրքոտ եւ բոցավառ ատելությամբ է լցված իշխանությունների նկատմամբ՝ նախկին, ներկա եւ ապագա: Ներկա իրավիճակից դժգոհ են բոլորը՝ սկսած ամենահաստավիզ օլիգարխից, վերջացրած ամենասոված բոմժով»: «Ինչքան էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները պնդեն, թե իրենք գիտեն՝ «ինչպես եւ ումով» անել, նրանց շատ քչերն են հավատում. հիմնավոր կասկածներ կան, որ նրանք անելու են նույնը, ինչ այսօրվա «շեֆերը», - պնդել է թերթի խմբագիրն ու առաջարկել. - «Ներկայիս լճացումը կարելի է հաղթահարել միայն հոգեւոր, բարոյական եւ մտավոր ուղենիշներ ունենալով»:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը փաստել է. - «Հայաստանում ճգնաժամեր շատ կան: Տարբեր ասպարեզներում մենք ճգնաժամեր ունենք, եւ երեւի մեծ ճգնաժամն այն է, որ, այնուամենայնիվ, ընտրությունների մեխանիզմը Հայաստանում չի աշխատում: Այսինքն, իշխանությունը չի պատկանում ժողովրդին... Ինչքան էլ ոմանց ծիծաղելի թվա` իսկապես արեւմտյան երկրներում որոշումները ընդունվում են ժողովրդի քվեարկությամբ, իշխանություններն ընտրվում են ժողովրդի քվեարկությամբ»։

«Հայոց Աշխարհ» թերթը տեղեկացրել է, թե արդեն բավական երկար ժամանակ է, ինչ թերթերից մեկը «ինքնամոռաց գովաբանում է «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու ամեն կերպ պախարակում ՀՀԿ-ին»։ Պնդելով, թե Բարգավաճ Հայաստան»-ն այստեղ ոչ մի կապ չունի` «Հայոց Աշխարհ»-ը փոխանցել է, թե այդ «PR արշավի պատվիրատուն «Օրինաց երկիր»-ն է»: «Հաշվարկն առավել քան պարզ է», - գրում է թերթը`բացատրելով. - «այդպիսով լարվածություն ստեղծել, հակամարտություն հրահրել ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ, եւ, համաձայն հին չինական իմաստնության, շահել երկու վագրերի կռվից»։ Թերթի տեղեկություներով, «Բարգավաճ Հայաստան»-ում խիստ դժգոհ են նման «գովազդից» եւ նույնիսկ պատրաստվում են հանդես գալ հատուկ հայտարարությամբ։

«Ժամանակ-Երեւան» թերթն այսօր գրել է, թե «աստիճանաբար ամբողջանում են այն պատճառները, որոնք հիմք հանդիսացան, որպեսզի ՀՀԿ-ն մերժի Գալուստ Սահակյանի որդու թեկնածությունը»։ Ըստ թերթի աղբյուրի, դեռեւս Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ «արդեն խիստ սրված էին Անդրանիկ Մարգարյան - Գալուստ Սահակյան հարաբերությունները, որովհետեւ վերջինս, ի հեճուկս կուսակցության որոշման, պաշտպանել է Սամվել Հովսեփյանի թեկնածությունը»։

Նույն թերթին տված հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը շեշտադրել է. - «Թե’ արտահերթ, թե’ հերթական ընտրությունների դեպքում, միեւնույն է, ընդդիմությունը հաղթելու է, քանի որ ողջ հասարակությունն է ընդդիմադիր: Կիսաընդդիմադիր, կենտրոնամետ, ՀՀԿ-ից կամ իշխանական մյուս ուժերի մոտեցումներից ոչնչով չտարբերվող, անընդհատ խոսող, բայց գնահատականներ չտվող կուսակցություններին քվե չեն տալու»:

«Առավոտ»-ի տեղեկություններով, օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Նորքի առաջին զանգվածի նորաբաց դիսկո-բարում: «Ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն է ունեցել Ազգային Ժողովի պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդին: Միջադեպը, ըստ թերթի աղբյուրի, փորձում են կոծկել նաեւ այն պատճառով, որ վերոնշյալ տարածքը պատկանում է Նոր Նորքի փոխոստիկանապետին»:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը «Հայոց Աշխարհ»-ին փոխանցել է. - «Ես ուզում եմ, որ այսքան դրամատիկ չլինի հիմնի ընտրությունը, որովհետեւ գնալով լարվածությունը մեծանում է, ինչը անբնական է: Սա կամ անգործությունից է կամ... անառողջ մթնոլորտ է ստեղծվել։ Ինչպես շատ այլ հարցերի դեպքում, այստեղ էլ շահագրգռություններն ակնհայտ են եւ գնալով սրվում են դրանք։ Արդեն կուշտ ենք նման սրացումներից։ Վերջապես պետք է երկիրը հիմն ունենա», ասել է Մանսուրյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG