Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը որոշել է «հասնել օրինական ընտրությունների անցկացմանը»


Անցած շաբաթավերջին ավարտված ՀՅԴ 10-րդ Գերագույն ժողովում հստակեցվել է 2007-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության մարտավարությունը եւ որոշվել է «հասնել օրինական ընտրությունների անցկացմանը»:

«Դաշնակցությունը Ազգային ժողովի ընտրություններին պետք է մասնակցի քաղաքական ուժերի հետ լայն համագործակցության միջոցով` մաս չկազմելով նախընտրական դաշինքների», - երեքշաբթի օրը լրագրողներին ասաց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: - «Համագործակցությունը քաղաքական ուժերի հետ պետք է կառուցել ազգային պետական ընդհանուր շահերի գերակայություն եւ առկա հիմնախնդիրների լուծումն ապահովելու սկզբունքների հիման վրա` խնդիր դնելով մեծացնել երկրում քաղաքական ուժերի ազդեցությունը, բարձրացնել ընտրողների քաղաքական ակտիվությունը: Նվազեցնելով ժողովրդի կամարտահայտման վրա ընտրակաշառքների եւ կիրառվող արատավոր մյուս միջոցների ազդեցությունը` հասնել օրինական ընտրությունների անցկացմանը»:

Խորհրդարանական ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը կկազմվի արտահերթ Գերագույն ժողովում: Իսկ այս ժողովը որոշել է նախընտրական շրջանում քաղաքական ուժերի հետ համագործակցության միջոցով փորձել ապահովել ազատ եւ արդար ընտրություններ` «համագործակցության դաշտ ներգրավելով ընտրություններին մասնակցող հայրենի քաղաքական ուժերին` հասնել քաղաքական գործընթացների վրա ոչ քաղաքական ուժերի ազդեցության նվազեցմանը, շտկել ընտրական համակարգի թերությունները, համագործակցել ընտրական հանձնաժողովներում` համատեղ վերահսկելով ընտրությունների բնականոն ընթացքը»:


Չի բացառվում, որ խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցությունը կտրուկ կերպով փոխի իր մարտավարությունը, ինչը պայմանավորված կլինի երկու հանգամանքով: Դրանցից առաջինը, Ռուստամյանի ներկայացմամբ, հետեւյալն է. եթե այս անգամ էլ ընտրությունները կեղծիքներով անցկացվեն, «մենք կդառնանք շատ խիստ, վճռական եւ ընդդիմադիր, որովհետեւ արդեն կվտանգվի երկրի իսկապես հետագա նորմալ զարգացումը»:

Մարտավարությունը կտրուկ փոխելու երկրորդ պատճառ, Ռուստամյանի փոխանցմամբ, կարող է դառնալ խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության ստացած տեղերի քանակը. - «Եթե ունենանք քիչ տեղ Ազգային ժողովում` անգամ եթե մեզ առաջարկեն կառավարության մաս կազմել, մենք այդ խնդիրը պետք է քննենք եւ շատ հնարավոր է հրաժարվենք, որովհետեւ այդպես մաս կազմելով, դու չես ունենում այն ազդեցությունը, որ առնվազն կարողանաս հասնել նրան, որ երկրում կայացվող կարեւորագույն որոշումները առանց քո համաձայնության չկայացվեն»:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքից եւ արդյունքներից է կախված, թե ինչպիսին կլինի 2008-ի նախագահական ընտրություններում կուսակցության որդեգրելիք մարտավարությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ տրամադրություններ կան այսօր կուսակցությունում, Ռուստամյանը պատասխանեց. - «Դաշնակցությունը այսօր տրամադիր է գնալ իր սեփական թեկնածուով»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG