Մատչելիության հղումներ

Թուրք վերլուծաբանների համոզմամբ`Թուրքիայի քրդական շարժումը պառակտման եզրին է


Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի քրդերի շահերը ներկայացնող միակ գրանցված քաղաքկան ուժի՝ «Ժողովրդավարական շարժման» կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքը կոչ արեց Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ղեկավարներին միակողմանի հրադադար հայտարարել՝ վերջ տալու համար բռնության աննախադեպ աճին, որ գրանցվեց 2006-ի ամռանը:

Թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը համարվող Դիարբեքիրում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ահմեդ Թուրքը հայտարարեց. - «Հույս ունենք, որ Աշխատավորական կուսակցությունը չի անտեսի մեր կոչը: Համոզված ենք՝ Թուրքիան հրադադարի կարիք է զգում»:

Ընդդիմադիր քրդական կուսակցության ղեկավարի տեսակետը կիսում են նաեւ կառավարության որոշ անդամներ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հայաթի Գյուվենը մի բացահայտում արեց, որն իրոք աննախադեպ էր ու սենսացիոն գրեթե ողջ թուրք հասարակության համար: Ըստ պաշտոնյայի, 2006 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում քրդերի հետ բախումներում զոհվել է 91 մարդ, նրանցից 25-ը՝ միայն հուլիս ամսին: Ընդ որում, հրապարակված տվյալներում ընդգրկված չեն օգոստոսին Թուրքիայի Միջերկրական ծովափնյա հանգստավայրերում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը:

Զոհերի մի զգալի մասը, ըստ «Ռադիկալ» օրաթերթի, զինված ուժերի նորակոչիկներ են: Ըստ թուրք վերլուծաբանների, պաշտոնական Անկարան ու քուրդ զինյալները պետք է հրադադար կնքեն, այլապես ընդհարումները կսաստկանան ու կթափանցեն նաեւ Հյուսիսային Իրաք:

Իրադարձությունների նման սցենարը եւս հավանական է, քանի որ, ըստ թուրք դիվանագետների, Իրաքի հյուսիսում են այսօր տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության ճամբարները, այստեղ է գործում կազմակերպության ղեկավար մարմինը:

Հավանաբար, թուրքական հնարավոր ներխուժումը կանխելու նպատակով Հյուսիսային Իրաքի քրդական իշխանությունները երկուշաբթի երեկոյան ձերբակալել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդներից մեկին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG