Մատչելիության հղումներ

Գարեգին Երկրորդը Աստանայում կմասնակցի կրոնական առաջնորդների 2-րդ համագումարին


Սեպտեմբերի 12-14-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունենալու Ավանդական եւ համաշխարհային կրոնների՝ քրիստոնյա, մահմեդական, հուդայական, բուդդայական, հինդու եւ այլ կրոնապետերի 2-րդ համագումարը, որին մասնակցելու նպատակով այսօր Աստանա է մեկնելու Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Տեղեկատվական Համակարգը տեղեկացնում է, որ հմագումարի առաջին օրը Գարեգին Երկրորդը հանդես կգա «Հավատքի ազատություն եւ հարգանք այլադավանների նկատմամբ» խորագրով բանախոսությամբ: Համագումարի ավարտին կրոնական առաջնորդները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Առաջին համագումարը տեղի է ունեցել 2003 թվականի սեպտեմբերի 23-24-ին նույն Աստանայում՝ միջազգային երկխոսության մեջ ընդգրկելով համաշխարհային կրոնների առաջնորդներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստանա կմեկնի Սիդնեյից՝ Հայրապետական այցի ավարտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG