Մատչելիության հղումներ

Արարատի մարզում դպրոցականները մնացել են «նույն դասարանում»


Մարզպետարանի որոշմամբ մարզի 41 դպրոցները նոր ուսումնական տարվանից երկկոմպլեկտ են դարձել. այսինքն՝ միեւնույն դասասենյակում միեւնույն դասաժամին միեւնույն ուսուցիչը դաս է անցկացնում տարբեր դասարանների աշակերտների հետ: Երկրորդ դասարանները միացվել են երրորդներին, չորրորդները՝ հինգերորդներին, վեցերորդները՝ յոթերորդներին:

Աշակերտները տարբեր դասագրքերով ու ծրագրերով են առաջնորդվում, բայց մինչ ուսուցիչը զբաղվում է մի դասարանով, մյուս դասարանի աշակերտները ձանձրույթից սկսում են աղմկել, խանգարել իրար եւ դասերը վերածվում են խառնաշփոթի:

Ստեղծված վիճակը սահմանամերձ շրջաններում վերջին տարիներին երեխաների թվի կտրուկ նվազման հետեւանք է: Գյուղերի դպրոցների յուրաքանչյուր դասարանում հազիվ հավաքվում է 5-7 երեխա: Եվ, քանի որ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, ապա մարզպետարանին ձեռնտու չէ 5 երեխայի համար՝ հատկապես ավագ դասարաններում, 10-ից ավելի ուսուցիչների ֆինանսավորել, ուստի որոշվել է միացնել մի քանի դասարաններ:

Ատեղծված պայմաններում այս մարզում ավելորդ է խոսել կրտսեր եւ ավագ առաջին դասարանների առանձնացման մասին. յուրաքանչյուր դպրոցում մինչեւ վեց տարեկան 2-3 երեխա հազիվ է հավաքվել: Նրանց համար էլ, բնականաբար, առանձին դասարաններ չեն բացվել, ինչը նախարարությունը կտրուկ արգելել էր:

Սյունիքի մարզում ավելի զարմանալի բաներ են կատարվում. եթե Արարատի մարզում գոնե երկկոմպլեկտ են դասարանները, ապա Սյունիքի դպրոցներում դրանք եռակոմպլեկտ են. այսինքն` միասին դաս են պարապում միաժամանակ երեք դասարանների աշակերտներ:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG