Մատչելիության հղումներ

Այսօր կրկին հանդիպում են Ֆրանսիան եւ Իտալիան


Վերստին եկել է մեծ ֆուտբոլի ժամանակը. Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում այսօր հանդիպում են Հայաստանի եւ Բելգիայի հավաքականները: Մինչդեռ, ամբողջ աշխարհի մարզասերների ուշադրության կենտրոնում երկու հսկաների պայքարն է՝ այսօրվա հանդիպումներից ամենասկզբունքայինը Ֆրանսիա-Իտալիա խաղն է, որն համարում են 2006-ի աշխարհի առաջնության եզրափակիչի կրկնություն:

Երկու ամիս առաջ՝ հուլիսի 9-ին Բեռլինում Ֆրանսիայի ազգային հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Իտալիայի թիմին եւ զրկվեց Աշխարհի գավաթից:

Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է դրամատիկ հանդիպումը, Մարկո Մատերացիի տգեղ արարքն ու Զինեդին Զիդանի ոչ հավասարակշռված արձագանքը, որի արդյունքում նա հեռացվեց դաշտից: Շատերը հենց այդ սկանդալային միջադեպն են համարում Ֆրանսիայի պարտության պատճառը: Եվ այնուամենայնիվ, ֆրանսիացի ֆուտբոլիստները պնդում են, թե այսօր ուզում են ոչ թե վրեժ լուծել, այլ ընդամենը հաղթել:

«Անցյալը չես ջնջի, ոչ մի դեպքում չենք մոռանա եզրափակիչը, բայց նույնիսկ եթե հաղթենք, աշխարհի գավաթը չենք ստանա», - ասել է Լիլիան Տյուրամը: Իսկ ֆրանսիացիների ամենահեղինակավոր հարձակվող Տիերի Անրին շեշտել է. - «Սա չի կարելի ռեւանշ համարել, գալով Ֆրանսիա, իտալացիները բնավ հարցականի տակ չեն դնելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հիմա սկսվել է նոր մրցաշար, որը ոչ մի կապ չունի նախորդի հետ»:

Բեռլինյան եզրափակիչի երկու «վայ-հերոսներն» այսօր Ստադ դե Ֆրանսի մարզադաշտում չեն լինի: Զիդանն ընդհանրապես հրաժեշտ է տվել ֆուտբոլին, իսկ Մատերացին ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի որոշմամբ մեղավոր է ճանաչվել Զիդանին վիրավորելու համար եւ զրկվել է երկու հանդիպումների մասնակցելու իրավունքից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG