Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Աջափնյակի թաղապետական ընտրություններում Արման Սահակյանի թեկնածությունը չպաշտպանելու` ՀՀԿ որոշման մեջ հեռագնա քաղաքական նպատակներ տեսնելով «Իրավունք»-ի վերլուծաբանն այսօր առանձնացրել է. - «Ըստ էության, հույժ նյարդայնացնող եւ ապագայի նկատմամբ վարդագույն հույսեր ներշնչող միջավայրում Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր ցույց տալ, թե ՀՀԿ-ի ներսում ով է տերն ու տիրականը, եւ որ ինքը եկել է ՀՀԿ «նախագահական տրամպլին» ունենալու, այլ ոչ թե հանրապետականների հավակնություններին հագուրդ տալու գերխնդրով։ Ու հենց դրանից է բխում Գալուստ Սահակյանին այդքան «նեղացնելու» քայլը, եւ ոչ միայն դրանից»:

«Սովորական առուծախ է» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ն այսօր փոխանցել է անկախացած պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի գնահատականները ՀՀԿ խորհրդի նիստում Արման Սահակյանին վերաբերող որոշման առնչությամբ։ Ըստ Դալլաքյանի, հուլիսի 22-ին «այդ կուսակցությունը փաթեթով գնած Սերժ Սարգսյանն իրավունք ունի իր ապրանքի հետ վարվելու այնպես, ինչպես ցանկանում է». - «Դրանից հետո ցանկացած զարգացում ընդամենը հետեւանք է. գնորդն ինքն է որոշում, թե իր ապրանքը որտե՞ղ եւ ի՞նչ ձեւով պետք է օգտագործի, եւ այդտեղ զարմանալի որեւէ բան չկա»։ Նկատի ունենալով «Արդարություն» դաշինքից Դալլաքյանի հեռանալը` թերթը բխեցրել է, թե «առայժմ հայտնի չէ, թե արդյոք ինքը` Վիկտոր Դալլաքյանը, կտեղավորվի իր իսկ կողմից ճշգրտորեն գծագրված առքուվաճառքի սխեմայի մեջ»:

Նույն որոշմանը տալով սեփական գնահատականը`«Ազգ»-ի մեկնաբանը որակել է. - «Ակնհայտ է, որ այս տեղի ունեցածը մեր երկրում հերթական անգամ ընտրողին արհամարհելու սովորական գործելակերպ է, որին չեն էլ թողնում ընտրվել ցանկացող մի քանիսից ընտրել իր սրտին մոտ մեկին: Իսկ ընտրողին այս օրինակով առաջարկվում է «չթպրտալ» նաեւ առաջիկայում, այլ համայնքների, նաեւ` խորհրդարանական ընտրություններում: Ում «կնշանակեն» վերեւից, հենց նրան էլ ընտրողին առաջարկվում է «ընտրել»: «Առհասարակ` ո՞վ է ընտրողը, որ նրա կարծիքին մնան»,- հարցրել է թերթի մեկնաբանն ու բխեցրել. - «Նա անընդհատ կախված է իր ամենօրյա հացը վաստակելուց, աշխատանքը չկորցնելու վախերից, հզորների բարեհաճությունից, ընտրակաշառքից, սրա-նրա տված նպաստից: Նա կախված է ամեն ինչից եւ ամեն բանից եւ անգամ աչքն էլ չի թարթի ու «կընտրի» արդեն նշանակվածին, քանզի աղքատ է»։

«Դարձավ խրտվիլակ» վերնագրի ներքո «Առավոտ»-ը գրում է. - «Թաթուլ Մանասերյանը երեկ դիմում է գրել «Արդարություն» խմբակցությունից դուրս գալու մասին: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Առավոտ»-ի հետ զրույցում պարոն Մանասերյանը փորձում էր իրեն ընդդիմադիր ներկայացնել՝ ասելով, թե ինքը նախագահի խրտվիլակը չի դառնա: Պարզվում է, սակայն, որ, այնուամենայնիվ, կդառնա: Այլեւս կասկած չկա, որ որոշ ժամանակ անց պարոն Մանասերյանը կհամալրի Գագիկ Ծառուկյանի կուսակցության շարքերը»:

Նույն թեմայի շուրջ, «Թաթուլ Մանասերյանը ստրուկ չէ» վերնագրի ներքո, «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ազգային Ժողովի պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը երեկ առավոտյան դիմում է ներկայացրել «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանին եւ տեղեկացրել, որ դուրս է գալիս խմբակցությունից՝ որպես պատճառաբանություն նշելով դաշինքի քաղաքական պասիվությունը»: «Իսկ թե իրականում ո՞ւմ հետ է որոշել Թաթուլ Մանասերյանը ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, այդքան էլ պարզ չէ», - նշում է մեկնաբանն ու մանրամասնում. - «Եթե վերջինս հասցրել է շաբաթ-կիրակի օրերին միջնորդների միջոցով իր հարցերը կարգավորել «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, ապա հեղափոխության հեռանկարը դարձյալ մշուշոտ է, որովհետեւ «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահը հստակ եւ այն էլ մի քանի անգամ ասել է, որ իրենք ընդդիմություն չեն եւ գործող իշխանության դեմ պայքարել չեն պատրաստվում»:

«Առավոտ»-ի տեղեկություններով, մինչեւ շաբաթվա վերջ Հայաստան է ժամանելու ռուսաստանցի հայտնի քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովը՝ «Յապոնչիկը»: «Իրավապահները համապատասխան ցուցումներ են ստացել նրա «դիմավորման հետ կապված»: Հայտնի է, որ այդ գործառույթները իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանը: Մեր աղբյուրները շրջանառում են երկու վարկած, մի դեպքում՝ իշխանություններ-հանցաշխարհ հարաբերությունների ճշտում, մյուս դեպքում՝ վերադասավորման խնդիր», - գրում է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG