Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 2-ը սեպտեմբերի)

Իբրեւ «փակուղի» որակելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը ու այն պայմանավորելով ադրբեջանական կողմի դիրքորոշման կարծրացմամբ` «Հայկական ժամանակ»-ը շեշտում է.- «Ադրբեջանի կողմից այսօր ցուցաբերվող կոշտացումը, թերեւս, պատասխանն է 1998 թվականին հայկական կողմում տեղի ունեցած փոփոխությունների»: Ըստ մեկնաբանի.- «98-ի իշխանափոխությունից հետո երկրի ղեկին հայտնված ուժերը, առաջ քաշելով ղարաբաղյան հարցի փաթեթային լուծման մոդելը, ըստ էության Ադրբեջանին ասում էին, որ մենք գրավյալ տարածքներից դուրս կգանք միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը կամ միացումը Հայաստանին: «Հիմա Ադրբեջանը ասում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կքննարկի միայն գրավյալ տարածքներից հայկական զորամիավորումների դուրս գալուց հետո: Ասել է թե՝ 1998-ի եւ այսօրվա իրադարձությունները սերտորեն կապված են իրար հետ»,- բխեցնում է մեկնաբանը:

«Հայոց Աշխարհ»-ի վերլուծաբանը, իր հերթին պնդելով, թե ներկա փուլում Ադրբեջանի ղեկավարությունը ընտրել է բանակցային գործընթացը աննպատակ ձգձգելու եւ խուսանավելու մարտավարություն, կանխատեսում է.- «Ակնհայտ է, որ ինչքան էլ ուժեղ լինեն պաշտոնական Բաքվի վրա ներկայումս գործադրվող ճնշումները, Ադրբեջանի որդեգրած արհեստական ձգձգումների ու կեղծ սպառնալիքների մարտավարությունը ժամանակային առումով կարող է տեւել ընդհուպ մինչեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները, քանզի մինչ այդ Իլհամ Ալիեւը ամեն գնով կփորձի դիմադրել իր վրա գործադրվող ճնշումներին։ Միաժամանակ նա սեփական երկրի հասարակական կարծիքը որոշ ժամանակ էլ կփորձի պահել Ադրբեջանի տնտեսական հաջողություններից բխող ռազմական ծախսերի ավելացման մասին տպավորիչ թվերի ազդեցության տակ՝ այդպես էլ չկարողանալով մատնանշել խոսքից գործի անցնելու պահը։ Բայց 2008-ին, կրկին դառնալով Ադրբեջանի նախագահ, Իլհամ Ալիեւը, այնուամենայնիվ ստիպված կլինի դժվարին որոշումներ կայացնել»,- պնդում է վերլուծաբանը։

Թերթերն այսօր արձագանքել են մայրաքաղաքի Աջափնյակ համայնքի թաղապետի ընտրություններում Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արման Սահակյանին չաջակցելու վերաբերյալ Հանրապետական կուսակցության խորհրդի որոշմանը։ Մասնավորապես, «Առավոտ»-ը գրում է.- «Բավականին երկար լռելուց հետո ՀՀԿ խորհուրդը որոշում է կայացրել, որ չի պաշտպանելու Արման Սահակյանի թեկնածությունը, քանի որ, ըստ որոշ լուրերի, անձնական պայմանավորվածություններ կան կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի, խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Նիգ-Ապարան» միության նախագահ, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջեւ՝ Աջափնյակը թողնել «Նիգ-Ապարանին»։

«ՀՀԿ-ն մեռավ, կեցցե Ազատիչը» վերանագրի ներքո «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը որակում է.- «ՀՀԿ խորհրդի նիստը, փաստորեն, անցել է 37 թվի նրբերանգներով, երբ աշխատավոր կինը պարտավոր էր կոլխոզի ժողովում դատապարտել իր կուլակ ամուսնուն, որը չէր հասկանում, որ կոլխոզի միասնական շահը վեր է նեղ անձնական շահից»։ «Իսկ երեկ արդեն ՀՀԿ խորհրդի մի քանի անդամներ իրենց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի սենյակում «տրաուրնի» տեսքով նստած սառը ջուր էին խմում, ու հենց լրագրող էր մտնում ներս, ընդունում էին Ռոդենի «Մտածողի» պոզան՝ մեկումեջ «ախուվախ» անելով։ Նրանք իրենց համարում էին նվաստացած եւ ստորացված, բայց եւ համարձակություն չունեին լրագրողների ներկայությամբ բողոքել Սերժ Ազատիչից»,- փաստում է մեկնաբանը եւ շարունակում.- «Ու որպեսզի իրենց վերջնականապես «չուլ» չզգան, խորհրդարանի միջանցքներում, բոլորից թաքուն, բռնում էին լրագրողներին եւ, հեռակա հաթաթաներ տալով, շշնջում, որ միեւնույն է, սատարելու են Արմանին եւ ՀՀԿ խորհրդի որոշման վրա թքած ունեն»։

«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը, անդրադառնալով պաշտպանության նախարարի՝ այս թեմայով հնչեցրած հիմնավորումներին, շեշտադրում է.- «Բանից պարզվում է՝ որեւէ հարցում միասնական դիրքորոշում կարող է ունենալ միայն ոհմակը։ Բայց խնդիրը միայն սա չէ: ՀՀԿ խորհրդի այս որոշումը բացահայտեց մի պարզ իրողություն. այդ կուսակցությունը հատկապես հուլիս 22-ի համագումարից հետո այլեւս որեւէ գաղափարական հենք չունի եւ խարսխված է բացառապես անձնական հարաբերությունների եւ շահերի վրա»։ «Բայց ամեն դեպքում, հետաքրքիր բան է ստացվում»,- նկատում է թերթն ու հիշեցնում.- «Ժամանակին Սերժ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի հրաժարականը պահանջած ՀՀԿ-ն հիմա նույն Սերժ Սարգսյանի զգոն հայացքի ներքո հրաժարվում է պաշտպանել ՀՀԿ անդամին՝ հօգուտ նույն Աղվան Հովսեփյանի հովանավորյալի»։

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «168 ժամ» թերթի թղթակցին ասել է, թե ինքը ոչ մի կապ չունի Մտավորականների ֆորումի՝ որոշ պատգամավորների վերաբերյալ առաջիկայում հրապարակելիք կոմպրոմատների հետ։ Սակայն նշել է, թե «ինքն էլ որոշ կոմպրոմատներ ունի, որոնք կհրապարակի, երբ ժամանակը գա, եւ իրեն կստիպեն»։ Կարապետյանը խոստացել է հրապարակել նաեւ իշխանության եւ ընդդիմության այն ներկայացուցիչների անունները, որոնք ռուսական իշխանությունների առաջ, իր ասելով, «չոքել-խնդրել են, որ նրանք իրենց վրա «ստավկա դնեն»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG