Մատչելիության հղումներ

Հայ լրագրողները լավ մարզավիճակում են


«Փառատոնը կարելի է հաջողված համարել», - ասում կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Բոյկոն: - «Չկարողացանք իրականացնել այն ամենը, ինչ նախատեսել էինք, բայց կարողացանք հիմք դնել լրագրողական մարզական փառատոնների անցկացմանը»:

Փառատոնը տեւեց 7 օր: Առաջին 5 օրերի ընթացքում մասնակիցները իրենց մարզական հնարավորություններն էին ցուցադրում Երեւանում. փորձում էին լավագույնին որոշել բոուլինգում, վազքում, արմռեսլինգում, շախմատում, բիլիարդում եւ այլ մարզաձեւերում:

Վերջին 2 օրերը փառատոնի մասնակիցները անցկացրեցին Սեւանում: Այստեղ հայտնի դարձավ լավագույն լողորդ-լրագրողը: Եղան նաեւ ոչ մարզական միջոցառումներ. օրինակ, լրագրողների տրամադրությունը փորձեց բարձրացնել երգչուհի Կարինե Ասրյանը, որ վերջերս «Սլավյանսկի բազար» երգի մրցույթում արժանացել էր մեդալի:

«Բրիտանական խորհուրդ» կազմակերպությունը անվանական հուշանվերներ եւ դիպլոմներ էր պատրստել տարբեր ոլորտներում լավագույն լրագրողների համար:

Մասնակիցներից շատերի կարծիքով, փառատոնի ընթացքում նկատվեցին կազմակերպական լուրջ խնդիրներ: Տեղի չունեցան նախատեսված մի քանի մրցույթներ, փառատոնը, հակառակ սպասումների, մեծ ուշադրության չարժանացավ, ընթացքում մեծ էր անորոշությունը:

Փառատոնին չմասնակցեցին լրագրողներ արտասահմանյան լրատվամիջոցներից: Ալեքսանդր Բոյկոյի խոսքերով, պատճառը ֆինանսական խնդիրներն էին եւ մուտքի վիզայի հետ կապված խոչընդոտները:

«Մի շարք կազմակերպություններ վերջին պահին հրաժարվեցին մեզ աջակցել: Օտարերկրյա լրագրողները Հայաստան մուտք գործելու հետ կապված խնդիրներ ունեցան», - ասում է նա:

Փառատոնի կազմկոմիտեի նախագահը փաստում է, որ հայ լրագրողները մարզական լավ վիճակում են գտնվում: «Այս հարցում նրանք տարածաշրջանում լավագույնն են», - ասում է նա եւ վստահեցնում, որ սա փառատոնն առաջինն էր, բայց ոչ վերջինը:



Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG