Մատչելիության հղումներ

Դալարի նախկին գյուղապետը սպանել է գործող գյուղապետին


Չորեքշաբթի առավոտյան Արարատի մարզի Դալար գյուղում նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանը որսորդական ավտոմատ հրացանից արձակած չորս կրակոցներով սպանել է գյուղի գործող թաղապետ Տիգրան Պետրոսյանին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց սպանված գյուղապետի մորեղբայր Համլետ Ավետիսյանը, սպանության պահին գյուղապետարանի բակում ոչ ոք չի եղել: Ինքը այդտեղ է եկել սպանությունից մի քանի րոպե անց. - «Չհասած դարպասին, արդեն «Նիվա»-ն [նախկին գյուղապետի] դուրս էր գալիս»:

Կրակոցները Ավետիսյանը չի լսել:

Մարզի դատախազ Սուրեն Պարսամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ սպանությունը կատարելուց հետո Բադալյանը ներկայացել է իրավապահ մարմիններին: Փաստի առիթով Գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, Բադալյանը ձերբակալված է:

Դալար գյուղի երկու թաղապետերի՝ Բադալյանի եւ Պետրոսյանի, թշնամությունը շատ ավելի հին պատմություն ունի: Ամեն ինչ սկսվել էր 2003-ի նախագահական ընտրությունների առաջին փուլից, երբ նախկին ընկերները հայտնվել էին տարբեր ճամբարներում. Բադալյանը սատարում էր Ռոբերտ Քոչարյանին, իսկ Պետրոսյանը՝ Ստեփան Դեմիրճյանին:

Առաջին փուլից հետո Բադալյանի կրտսեր եղբայրը կրակել էր Տիգրան Պետրոսյանի տան ուղղությամբ. նա այսօր դատապարտված է:

Դալարի բնակիչները այսօր պատմում էին, որ 2002 թվականին համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ շատերին ստիպել էին քվեարկել Գեղամ Բադալյանի օգտին:

«Նրա հայրը գյուղը դրեց նաժիմի [ճնշման] տակ, ավտոմատը քաշեց վրաները՝ ընտրեցին [Բադալյանին]», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մի դալարցի կին: - «Իրենց ասելով՝ Հովիկ Աբրահամյանն էր իրենց պաշտպանում»:

2005-ին համայնքի ղեկավար ընտրված Տիգրան Պետրոսյանը մի քանի ամսվա ընթացքում բացահայտում է որոշ չարաշահումներ, դիմում է իրավապահ մարմիններին: Մարզի դատախազությունը քրեական գործ էր հարուցել Գեղամ Բադալյանի նկատմամբ: Մարզի դատախազ Պարսամյանը այսօր տեղեկացրեց, որ նախաքննությունը այդ գործով ընթացքի մեջ է:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG