Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք»-ի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում կայացած վերջին հանդիպումը զերծ չի մնացել հայաստանյան ներքաղաքական զարգացումների քննարկումներից, որոնց ընթացքում, ի մասնավորի, անդրադարձ է եղել նաեւ նախագահի պաշտոնում Քոչարյանի իրավահաջորդի թեմային։ Թերթի աղբյուրի պնդմամբ, այդ անդրադարձի ժամանակ նույնիսկ Քոչարյանի համար բավականին անսպասելի Վլադիմիր Պուտինը ուղղակի, առանց դիվանագիտական այլեւայլությունների հայտարարել է. - «Ռուսաստանը Սերժ Սարգսյանին չի դիտարկում եւ ընկալում որպես ձեր իրավահաջորդը»։ Թերթը գրում է, թե ըստ նույն եւ ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրների, ՌԴ նախագահի այդ կարծիքը Երեւան վերադառնալուն պես նախագահի նստավայրում փոխանցվել է Սերժ Սարգսյանին՝ հորդորելով նրան մեկ անգամ եւս ամեն ինչ ծանր ու թեթեւ անել, սակայն «Սարգսյանը հայտարարել է, որ իր համար արդեն ամեն ինչ վաղուց որոշել է»։


«Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ընտրությունների գնացող քաղաքական ուժերին եւ կուսակցություններին հորդորելով հրապարակել իրենց ստվերային կառավարության կազմը, նկատել է. - «Եթե քաղաքական կուսակցությունները հանդես բերեն այդպիսի մոտեցում, հասարակական գիտակցության մեջ աստիճանաբար կամրապնդվի քաղաքական թիմի պահանջարկված լինելու հանգամանքը։ Եվ մեր քաղաքական կյանքը էապես կբարեփոխվի, որովհետեւ հասարակությունը կուսակցություններին կսկսի ընկալել ոչ թե միայն լիդերներով, այլեւ նախընտրական ցուցակների հաջորդ համարներով եւ, ըստ այդմ դատել. որքանով է տվյալ քաղաքական ուժն ունակ ներկայիս իրավիճակին համարժեք կառավարություն ձեւավորել»։

«Առավոտ» թերթը, իր աղբյուրներին հղում անելով, այսօր գրել է, թե «արդեն մի քանի օր է, ինչ ՀՀԿ - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների մրցակցությունը քաղաքական դաշտից տեղափոխվել է այդ կուսակցություններում ընդգրկված «ավտարիտետների» միջեւ լեզվակռիվ - «ռազբորկաների» դաշտ»: Ըստ թերթի աղբյուրների, հայաստանյան «ավտարիտետները» հիմա բաժանվել են երկու բանակների: «Բարգավաճ Հայաստան»-ի կողմն անցած հեղինակությունները, ովքեր մոտ են կանգնած հանցաշխարհին, ՀՀԿ-ին անդամագրված հեղինակություններին մեղադրում են «ուրացման» ու «դավաճանության» մեջ. - «Նրանք հայտարարում են, թե ՀՀԿ-ն վայելելու է «մենթերի» աջակցությունն ի դեմս, օրինակ, ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի, «6-ի» պետ Աշոտ Գիզիրյանի, ԱԱԾ պետի տեղակալ Հրաչ Հարությունյանի եւ այլոց: Բացի այդ, «Հանրապետականում» են հայտնվել նախկինում դատված ու այդ ընթացքում գաղութներում, «ավտարիտետների» բնորոշմամբ՝ «ջութակի» դեր կատարած անձինք»:

Նույն թերթին տված հարցազրույցում Հանրապետական կուսակցությանն անդամակցած Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, պնդելով, թե այդ կուսակցության մեջ հանցաշխարհից մարդ չկա, թղթակցի իրեն ուղղված հարցին՝ եթե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չդառնար հանրապետական, ինքը կմտնե՞ր այդ կուսակցության շարքերը, պատասխանել է. - «Որ ուզում ես անկեղծ պատասխանեմ՝ չէի գնա։ Իրա գնալով ես տեսա, որ մեր հանրապետությունը հասնելու է այն կարգավիճակին, որ օրենքը հավասար կլինի բոլորիս համար։ Ինքը կհասնի դրան, ես վստահ եմ»։

«Հայկական ժամանակ»-ն այսօր տեղեկացրել է, թե սեպտեմբերի առաջին տասնօրյակում Մտավորականների ֆորումը կազմակերպելու է հավաք, որ ժամանակ հանրությանը կներկայացվի հայաստանյան բարձրաստիճան, կոռումպացված կրիմինալի հետ սերտաճած պաշտոնյաների ցուցակը: Այս կապակցությամբ ֆորումի անդամ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը թերթին փոխանցել է. - «Մենք կհրապարկենք բոլոր միլիարդատերերի, միլիոնատերերի անունները, եւ կնշենք, թե նրանք ինչ ճանապարհներով են վաստակել այդ գումարները, կհրապարակենք պաշտոնյաների կողմից կատարված տարբեր չարաշահումները, որոնք մինչեւ օրս թաքցվել են։ Եվ որպեսզի մեզ չմեղադրեն զրպարտության մեջ, մենք, բնականաբար, կներկայացնենք նաեւ մեր յուրաքանչյուր խոսքն ապացուցող անհրաժեշտ բոլոր հիմնավորումները»։

Նույն թեման զարգացնելով՝ «Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանն այսօր առանձնացրել է. - «Կարելի է չկասկածել, որ ԱՄՆ-ում հստակ տեղյակ են, թե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ստվերային ինչ գումարներ են վաստակում, ինչ ունեցվածք ունեն, ինչ ճանապարհներով են դրանք ձեռք բերել, եւ վստահաբար կարելի է ասել, որ այդ փաստերի հիման վրա կարող են նրանցից յուրաքանչյուրին ձերբակալել... Ամերիկացիները մեզանից էլ լավ գիտեն, թե մեր պաշտոնյաներից ով է կազինոներում հարյուր հազարավոր դոլարներ կրվում, ով վարկային միջոցները փոշիացնում, իսկ ով՝ տնտեսւթյան որեւէ ոլորտ վերահսկում»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG