Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում ՀՅԴ Հայ Դատի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա գործընթացի մասին ասում է.- «Կարծում եմ, Ադրբեջանի վրա կիրառվում է ճնշում։ Թեպետ հրապարակավ չի հայտարարվում, բայց համանախագահները գիտեն, որ կարգավորման գործընթացի գլխավոր խոչընդոտող կողմը հենց Ադրբեջանն է։ Դա նպատակ ունի իրականություն դարձնելու համանախագահների լավատեսությունը, որ 2006 թվականի ընթացքում կողմերը հասնեն որոշակի համաձայնության գոնե կարգավորման սկզբունքների շուրջ»,- շեշտել է Մանոյանը։

«Ժամանակը սպառվեց. պատասխանեք»՝ այս վերնագրի ներքո «Չորրորդ իշխանություն» թերթը ղարաբաղյան կարգավորման իր՝ հոռետեսական տեսակետն է շարադրում.- «Ամառն անցավ եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ստիպված կլինեն հստակ պատասխան տալ առաջարկներին։ «Եւ, այնուանմենայնիվ, անցած մեկ ամսվա իրադրաձությունները վկայում են այն մասին, որ ներկայացված առաջարկների շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հազիվ թե համաձայնության գան»,- գրում է թերթը, ըստ որի.- «Այս ժամանակահատվածում երկու երկրների պետական մարմիններն էլ, զբաղված էին քարոզչությամբ, որը պետք է հիմնավորեր, թե որքան վատն է հակառակորդը, եւ ինչու չի կարելի նրա հետ համաձայնության գալ»։

«Իրավունք»-֊ի խմբագրականը ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» հնարավոր բախման հեռանկար ուրվագծելով, շեշտադրում է.- «Դատելով նրանից, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարակիցների միջեւ տարատեսակ ինտրիգներն անպակաս են, դժվար թե մրցակցությունը ամբողջությամբ լինի կառավարելի եւ կրքերը չշիկանան՝ վերածվելով մարտաֆիլմի դրվագների»,- գրում է խմբագիրն ու մասնավորեցնում.- «Ի դեպ, շրջանառության մեջ հայտնվել է մի վարկած, որ Ալեքսանդր Գիվոեւին սպանել են «Բարգավաճ Հայաստան»-ի համալրման ուղղությամբ կատարված աշխատանքների համար՝ որպես նախազգուշացում «բոլոր այն հեղինակություններին, ազդեցիկ մարդկանց, ովքեր նախընտրական եւ ընտրական շրջանում կհայտնվեն ոչ ճիշտ ճամբարում»,- փոխանցել է խմբագիրը։

Վիկտոր Դալլաքյանի, Թաթուլ Մանասերյանի եւ Էմմա Խուդաբաշյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամակցելու հեռանկարին անդրադառնալով, «Հայկական ժամանակ»-ը հայտնում է. -«Մեր տեղեկություններով, նախագահականից հրահանգված է չշտապել՝ նրանց կուսակցության շարքերն ընդգրկելու հարցում: Եվ չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակում լինեն ոչ այն մարդիկ, որոնց անունը շրջանառվում էր մամուլում, ինչը արդեն իսկ բացահայտված ընդդիմադիրներին վատ վիճակի մեջ է դնում»:

«Առավոտ»֊-ի խմբագիրը, իր տեսակետը փոխանցելով քաղաքական դաշտի հնարավոր քրեականացման վերաբերյալ, այն կանխելու նպատակով, մասնավորապես, խորհրդարանական ընտրությունների հարցում, իր տարբերակն է առաջարկում.- «Քանի որ խոսքը օրենսդրական աշխատանքի մասին է, ապա պետք է որոշակի մտավոր եւ քաղաքակրթական ցենզ դնել այդ աշխատանքին հավակնողների համար։ Ուստի առաջարկում եմ պատգամավորության բոլոր թեկնածուներին 8-րդ դասարանի թելադրություն տալ հայոց լեզվից։ Եթե բավարար գնահատական ստանան, թող շարունակեն պայքարը, եթե «կտրվեն»՝ թող գնան սովորեն»։

Անդրադառնալով հնարավոր «գունավոր հեղափոխության» կողմնակիցների հայտարարություններին, «Հայոց աշխարհ»-ը գրում է.- «Երեւի թե իմաստ չունի հիշեցնել, թե ով եւ ինչ տեխնոլոգիաներով էր դուրս բերում մարդկանց Թբիլիսիի եւ Կիեւի փողոցներ, եւ ինչպիսի տրամադրություններ են տիրում այսօր Վրաստանում եւ Ուկրաինայում։ Արժե միայն եւս մեկ անգամ նշել, որ հեղափոխությունը արմատական հեղաշրջում է պետական եւ սոցիալ-տնտեսական կառուցվածքում, այլ ոչ թե լեգալ արարողակարգերով հազիվ սքողված իշխանության զավթում, որն ուղեկցվում է ժողովրդական տոնախմբություններով»։

«Իրավունք»-ը փոխանցում է.- «Վերջերս քաղաքական գործիչները հայտ են ներկայացնում ոչ միայն «նախագահացու», այլեւ «վարչապետացու» դառնալու համար։ Օրինակ, վաչապետության հայտ վերջերս հրապարակավ ներկայացրեց ԺՈՒԿ-ի նախագահ Մանուկ Գասպարյանը։ Սակայն, նա միակը չէ։ Ըստ հավաստի լուրերի, «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը այլեւս չի ցանկանում բավարարվել ընդամենը պատգամավոր լինելով եւ վարչապետ դառնալու նպատակ ունի»։ Ըստ թերթի.- «Ամենայն հավանականությամբ, իր այդ քայլը, որին նրան մղում է ռուսաստանաբնակ գործարար եղբայրը՝ Սամվել Կարապետյանը, նա ինչոր չափով կամ գոնե նախնական առումով համաձայնեցրել է նաեւ ամենավերին իշխանավորների հետ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG