Մատչելիության հղումներ

Տարեսկզբից Երեւանի 220 փոխանակման կետերից 88-ը խախտումների պատճառով փակվել են


Այս տարվա ընթացքում Երեւանում գործող տարադրամի փոխանակման 220 կետերից 88-ը փակվել են` դրանցում հայտնաբերված տարբեր խախտումների պատճառով: Այս մասին հայտնեցին Կենտրոնական բանկից: Եղել են նաեւ դեպքեր, երբ տնտեսվարող սուբյեկտը ինքնակամ հրաժարվել է փոխանակման կետի արտոնագրից:

Մոտ ապագայում ուժի մեջ կմտնի «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորման եւ կարգավորման» մասին նոր կանոնակարգը: Փոխանակման կետերի տերերը մտահոգված են, որ անվտանգության նկատառումներով նոր կանոնակարգի սահմանումը նպատակ ունի փակել ավելի մեծ թվով փոխանակման կետեր եւ դրանով վերահսկելի դարձնել մնացածի գործունեությունը: Նրանց գնահատմամբ, մշակված նոր կանոնակարգի պահանջները չեն բխում տնտեսավարող սուբյեկտի շահերից: «Կանոնակարգից երեւում է, որ փոխանակման կետեր կարող են գործել միայն 100 եւ ավելի քառակուսի մետր առեւտրային տարածք ունեցող խանութներում: Այսօր որպեսզի փոխանակման կետը կարողանա գործել շուկայում, պետք է ունենա առնվազն 5-6 հազար դոլար՝ միայն տեխնիկական պահանջները բավարարելու համար: Բնականաբար, այդպիսի փոխանակման կետեր չկան Հայաստանում»,- «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասաց նրանցից մեկը:

Փոխանակման կետերի տերերը դժգոհում են, թե կանոնակարգի մշակման ընթացքում հաշվի չի առնվել իրենց կարծիքը: Մինչդեռ, ինչպես հայտնեց Կենտրոնական բանկի փոխանակման կետերի լիցենզավորման եւ վերահսկողության վարչության պետ Արտակ Շաբոյանը, նիստերին հրավիրված է եղել Արժութային դիլերների եւ փոխանակման կետերի միության նախագահը, որոշման նախագիծը նախապես տրամադրվել է նրան, մինչեւ քննարկումը նա կազմակերպել է հանդիպում արժութային դիլերների եւ փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ:

Արտակ Շաբոյանի խոսքերով, ստուգումները փոխանակման կետերում պարբերական բնույթ են կրում, եւ արձանագրվող խախտումների դեպքում էլ կիրառվում են համապատասխան պատժամիջոցներ: Ավելին, նրա համոզմամբ, «փոխանակման կետերի մեծ մասը այսօր սպասարկում են ստվերային դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտների, որոնք գերադասում են դրանցում իրականացնել գործարքներ՝ իրենց գումարները, շրջանառությունը թաքցնելու նպատակով, եւ հենց այդ պատճառով է, որ փոխանակման կետերում հայտնվում են մեծ ծավալի գումարներ»:

«Սխալ բան չկա կանոնակարգում, այստեղ նպատակն է ուրիշ: Նպատակը փակելն է՝ այդ նպատակին հասնելու համար ամեն ինչ ճիշտ է արված»,- վստահ են փոխանակման կետերի տերերը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG