Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը անհեթեթություն է համարում կրիմինալի՝ Հանրապետական կուսակցություն մտնելու մասին խոսակցությունները


Ազգային Ժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը անհեթեթություն է համարում Հանրապետական կուսակցության վերջին համագումարից հետո հնչած կարծիքները, թե կուսակցություն է մտել նաեւ կրիմինալը:

«Օդի մեջ ամեն ինչ կարելի է ասել: Եթե այդ մարդիկ իսկապես համարում են, թե որեւէ մեկը քրեական տարր է, ապա պետք է անուն-ազգանունով նշեն՝ ո՞ւմ նկատի ունեն եւ ո՞ր արարքի հետ կապված: Վերացական, օդի մեջ հայտարարությունները որեւէ հիմք չունեն»,- հայտարարեց Ազգային Ժողովի նախագահը այսօր կայացած ասուլիսում:

Հարցին, թե հոկտեմբերի 29-ին Երեւանի Աջափնյակ համայնքի ղեկավարի ընտրություններում կուսակցությունն աջակցելո՞ւ է արդյոք Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար ալուստ Սահակյանի որդու՝ Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արման Սահակյանի թեկնածությանը, Ազգային Ժողովի նախագահը պատասխանեց, որ Արման Սահակյանը Հանրապետականի խորհրդի անդամ է, կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, եւ ավելացրեց. «Սա սովորական ընտրություն չէ՝ թեկնածուի տեսակետից: Առաջիկայում, կարծում եմ, կուսակցության խորհուրդը անպայման կանդրադառնա այս հարցին»:

Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ամառվա ընթացքում լուծարվել է Ազգային Ժողովի երկու վարչություն, երկու ծառայություն եւ մեկ քարտուղարություն, ինչի արդյունքում աշխատակազմի 501 հաստիքից կրճատվել է 40-ը, գումարային տեսքով՝ ամսական ընդհանուր 3 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն, նրա խոսքերով, «կարեւորը թվերը չեն, այլ այն, որ կառույցները, որոնք կան աշխատակազմում, պետք է ուղղակիորեն կապված լինեն Ազգային ժողովի գործունեության հետ, այնինչ լուծարված կառույցները որեւէ առնչություն չունեն Ազգային Ժողովի գործունեության հետ»:

Այսօր, երբ Տիգրան Թորոսյանը ներկայացրել է այս ամենը խորհրդարանական խմբակցությունների ու խմբերի ներկայացուցիչներին, հանձնաժողովների նախագահներին, «որեւէ մեկը որեւէ առարկություն, որեւէ անհամաձայնություն չի հայտնել»: Նիստին «Օրինաց երկիր»-ից ներկայացուցիչ չի եղել. «Իրենք են որոշել՝ գան-չգան: Իրենց գործն է: Իրենք են սկսել այս գործընթացը կապել կուսակցական խնդիրների հետ: Ես գտնում եմ, որ Ազգային ժողովի աշխատակազմում որեւէ կուսակցական խնդիր չպետք է լինի»:

«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաեւ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, թե Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանի ընտրվելուց ի վեր խորհրդարանի աշխատակազմում համատարած «հանրապետականացում» է սկսվել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG