Մատչելիության հղումներ

Տիգրանակերտը՝ հայ հազարամյա մշակույթի ապացույց


Աղդամում հայտնաբերված մ.թ.ա. 1-ին դարի Տիգրանակերտ քաղաքի պատմամշակութային հուշարձանները լրացուցիչ փաստական ապացույց են, որ հայերը եւ հայկական մշակույթը այս տարածաշրջանում եղել են դեռ հազարամյակներ առաջ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյանը:

«Աղդամում գտնվածն ուղղակի կրկնում է Հայաստանի տարածքում եղածը: Այսինքն, ստացվում է, որ դա մի մշակութային դաշտ է եւ կերտվել է մշակութային նույն դաշտում ապրող ժողովրդի կողմից»,- ընդգծեց նա:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը նշեց նաեւ, որ վերջին երկու տարիներին կառավարությունը որոշակիորեն ավելացրել է պետբյուջեով հատկացումները հնագիտական արշավախմբերի համար: Մասնավորապես, այս տարի տրամադրվել է 34 միլիոն դրամ, եւ մեկ տարվա ընթացքում Հայաստանի տարածքում աշխատել է 22 արշավախումբ՝ հասնելով, Արամ Քալանթարյանի խոսքերով՝ հրաշալի արդյունքների: Հայտնաբերվել են պատմամշակութային նոր հուշարձաններ, սակայն կարեւոր է նաեւ դրանց պահպանման խնդիրը:

Տիգրանակերտի հուշարձանները բոլորովին վերջերս հայտնաբերել է Արցախի արեւելքում աշխատող հնագիտական արշավախումբը՝ Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ: Արշավախումբը արդեն վերադարձել է Արցախից եւ աշխատում է Գառնիում:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG