Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանի եղբորը բերման են ենթարկել ոստիկանություն


Այսօր առավոտյան ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցները՝ առանց նախապես տեղեկացնելու եւ ծանուցագիր ուղարկելու, բերման են ենթարկել «Ժամանակ-Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի եղբորը՝ տվյալ թերթը հրատարակող «Սկիզբ Մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխտնօրեն Արտակ Բաբաջանյանին:

Ինչպես ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Արտակ Բաբաջանյանը, ոստիկանության աշխատակիցները երկար ժամանակ ծեծել են նրա բնակարանի դուռը: Նա հեռախոսով տեղեկացրել է հարազատներին, որ ինչ-որ մարդիկ, ներկայանալով որպես ոստիկան, ջարդում են դուռը եւ պարտադրում բացել: Բաբաջանյանը չի բացել դուռը այնքան ժամանակ, մինչեւ նրա հարազատները պարզել են, որ դուռը ծեծողները, իրոք, ոստիկանությունից են: Սակայն ոստիկանության աշխատակիցներն այդ ժամանակ որեւէ պարզաբանում չեն տվել, թե ինչո՞ւ են իրեն տանում ոստիկանություն:

Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասաց, թե «որեւէ խնդիր չկա, պարզապես ճշտում են ինչ-որ տեղեկություններ եւ շուտով Բաբաջանյանին ազատ կարձակեն»:

Ոստիկանության աշխատակիցները Բաբաջանյանին ասել են, որ իրեն բերման են ենթարկել, որովհետեւ ահազանգ են ստացել, թե Կոմիտասի փողոցի վրա գտնվող իր բնակարանում հետախուզման մեջ գտնվող անձ է ապրում: Բաբաջանյանից բացատրագիր են վերցրել, որ ինքը երբեւէ հետախուզման մեջ չի եղել, եւ դրանից հետո միայն ազատ են արձակել:

Ավելի ուշ, սակայն, ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետը հայտնեց, որ «դրսից ահազանգ է ստացվել, որ Արտակ Բաբաջանյանի անձնագիրն ու զինգրքույկը կեղծ են, սակայն ստուգելուց հետո պարզվել է, որ ահազանգն է կեղծ եղել»: «Այս պահին արդեն որեւէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Ներսես Նազարյանը:

Արտակ Բաբաջանյանի խոսքերով, ոստիկանությունում որեւէ մեկը ներողություն չի խնդրել անհարկի անհանգստություն պատճառելու համար:

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի պարզաբանմամբ, անձին բերման ենթարկելու համար հարկավոր են հիմքեր, այսինքն, երբ իրավապահ մարմինները որոշել են նրան որպես վկա, կամ որպես մեղադրյալ, կամ որպես կասկածյալ հրավիրել հարցաքննության, նա նախապես ծանուցվել է, սակայն խուսափել է ծանուցման կատարումից: Բայց, ինչպես ընդգծեց փաստաբանը, Արտակ Բաբաջանյանը «ոչ վկայի կարգավիճակում է եղել, ոչ կասկածյալի եւ ոչ էլ մեղադրյալի, եւ նրան բերման են ենթարկել ու բացատրություն վերցրել, իսկ բացատրություն վերցնում են դեռ կարգավիճակ չստացած անձից»:

Օգոստոսի 18-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվել է Արտակ Բաբաջանյանի եղբոր՝ Արման Բաբաջանյանի դեմ հարուցված գործով դատավարությունը: «Ժամանակ-Երեւան» թերթի խմբագիրը մեղադրվում է փաստաթղթերի կեղծման ճանապարհով զինծառայությունից խուսափելու մեջ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG