Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ինչպես փոխանցում է «Իրավունք»-ի իրազեկ աղբյուրը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը ստվերային լայնածավալ պայքար է մղում Գալուստ Սահակյանի դեմ: Ըստ թերթի.- «Նախարարն իր պայքարի ոլորտ է ներգրավել եւ ԶԼՄ-ներին ու զարտուղի ճանապարհներով սեւ քարոզչություն է ծավալել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի որդու՝ Արման Սահակյանի դեմ: Հովիկ Աբրահամյանը, որը որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «մինչեւ ժամը 6-ը հանրապետական է, ժամը 6-ից հետո աշխատում է «Բարգավաճ Հայաստանի» համար», ամեն կերպ փորձում է թուլացնել բավականին ամուր հիմքերի վրա կանգնած Գալուստ Սահակյանին: «Գործելով «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով, Հովիկ Աբրահամյանը ձգտում է ամեն գնով խոչընդոտել Արման Սահակյանին, որպեսզի վերջինս չընտրվի թաղապետ ու չդառնա Երեւան-Աջափնյակի ապագա քաղաքապետ ու դրանով ավելի չհզորացնի Գալուստ Սահակյանին», - նշում է մեկնաբանը:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է.- «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ որ, իշխանության վերնախավում նոր հակասություն է ծավալվում, որն այս անգամ կապվում է ԱԺ պատգամավոր, Ալրաղացի Լյով անունով հայտնի Լեւոն Սարգսյանի հետագա կարիերայի հետ»: Ըստ թերթի. - «Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը մտադրվել է Լեւոն Սարգսյանին նշանակել տալ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ ղեկավար: Իսկ այս պաշտոնում նշանակում է անում տրանսպորտի եւ կապի նախարարը, տվյալ դեպքում՝ Անդրանիկ Մանուկյանը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ խնամիական կապ ունի: Մանուկյանը այս իրավիճակում դիմում է Ռոբերտ Քոչարյանին, վերջինս էլ, ըստ իշխանական վերնախավում շրջող լուրերի, ասում է, որ այդ պաշտոնը Ալրաղացի Լյովին չի հասնում»:

«Առավոտ»-ի մատուցմամբ.- «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի քարտուղարը լինելով՝ Վիկտոր Դալլաքյանն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար Նուբարաշենի մեկուսարանում վաղուց արդեն բանտախցեր են նախատեսված»: «Այժմ, երբ պարզ դարձավ, որ պարոն Վալլաքյանը լքում է ընդդիմադիր դաշտը, փաստորեն անդամագրվելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը իր ափսոսանքը հայտնեց. «Գոնե գնալուց առաջ ասեր, թե կոնկրետ ո՞ր բանտախցերն են նախատեսված»,- նշում է թերթը:

Ըստ «Հայոց աշխարհ»-ի.- «Նրանք, ովքեր թերահավատությամբ են վերաբերվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե իր կուսակցության անդամների թիվը 300 հազար է, կյանքից ոչինչ չեն հասկանում։ Եթե անգամ այս պահին ԲՀ-ի անդամների թիվը այդքան չէ, ապա, դատելով կուսակցության ակտիվիստների բուռն գործունեությունից, չպետք է կասկածել, որ շատ շուտով պլանը կգերակատարվի։ Ասենք, պետք չէ մեղադրել կասկածամիտներին։ «Նրանց ուղղակի դեռեւս ԲՀ-ին անդամագրվելու դիմաց մի քանի օրով բարգավաճ կյանքով ապրելու առաջարկ չի արվել։ Իսկ այ Երեւանի կենտրոնի բնակիչներին արդեն արվել է նման առաջարկ, եւ նրանցից շատերն էլ սիրահոժար համաձայնվել են ու «բարգավաճող» գործարք կնքել կուսակցության ներկայացուցիչների հետ», - գրում է մեկնաբանն ու շարունակում.- «Երկուշաբթի օրը, ԲՀ-ի ներկայացուցիչները հայտնվել են Տիգրան Մեծ պողոտայի բակերից մեկում եւ յուրաքանչյուր բնակչի առաջարկել 100 դոլար, պայմանով, որ անդամագրվի ԲՀ-ին։ Իսկ ավելի վաղ, հուլիսի կեսերին, մեր տեղեկություններով, ԲՀ-ի ակտիվիստները, բազմաթիվ անձնագրերի պատճենները ձեռքներին, մտել են Զեյթունի շուկայի եւ մանկական պոլիկլինիկայի հարեւանությամբ գտնվող Հայփոստի բաժանմունք եւ ըստ անձնագրերի մարել կոմունալ ծառայությունների դիմաց քաղաքացիների կողմից կուտակված վարձավճարների պարտքերը։

«Ազգ»-ը հայտնում է.- «Իրեն բացահայտել չցանկացող աղբյուրից տեղեկացանք, որ նախորդ գիշեր Հայաստան են ժամանել մի խումբ «օրենքով գողեր»՝ իրենց թիկնազորայիններով: Նրանք եկել են մասնակցելու տեղական օլիգարխներից մեկի եւ բարձրաստիճան մի պաշտոնյայի զավակների հարսանիքին: Որ ասում ենք՝ Հայաստանը Սիցիլիա է դառնում», - երզափակում է թերթը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG