Մատչելիության հղումներ

Դատախազությունը խախտումներ է բացահայտել բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցներում


Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը այս տարվա առաջին կեսին ուսումնասիրություններ է կատարել բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցներում ու բացահայտել մի շարք խախտումներ, որոնք վերաբերում են ապօրինի ծառահատումներին, ձկնորսությանը, ինչպես նաեւ Սեւանի ազգային պարկում հողատարածքների վարձակալմանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը, «երբեմն արձանագրություններ են կազմվում այն մասին, որ այսինչ քաղաքացին ապօրինի ծառահատում է իրականացրել, արձանագրությունը ուղարկվում է իրավապահ մարմնին, եւ երբ արդեն կոնկրետ քննություն է սկսվում, պարզվում է, որ այդպիսի մարդ գոյություն չունի»:

Որոշ դեպքերում կազմված արձանագրություններն իրավապահ մարմիններին ուղարկելու փոխարեն տվյալ անձանց վարչական տուգանքի են ենթարկում, հաճախ այդ արձանագրությունում էլ չի նշվում, թե ինչ չափի տուգանք է նշանակվել:

«Այդ վիճակագրությունը, ցավոք, չի կարող դիտվել որպես հավաստի»,- ընդգծեց Գեւորգ Դանիելյանը:

Նույնը, ըստ նրա, վերաբերում է նաեւ բնապահպանության ցանկացած այլ ոլորտի՝ ապօրինի ձկնորսությանը, ապօրինի որսին, ապօրինի հանքարդյունահանմանը: Օրինակ, Սեւանի ազգային պարկի ղեկավարությունը տվյալներ է տալիս, թե մեծ քանակությամբ որսացանցեր են առգրավվել եւ ոչնչացվել, սակայն ներկայացված տվյալները համեմատելուց հետո ստացվել է, որ Հայաստան են ներկրվում մեծ քանակությամբ որսացանցեր, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը: «Չի բացառվում, որ այդ առգրավված որսացանցերը կրկին դրվում են շրջանառության մեջ, ինչը անընդունելի է»,- նշեց գլխավոր դատախազի տեղակալը: Մինչդեռ, ըստ Գեւորգ Դանիելյանի, նախ պետք է քրեական գործ հարուցվի, ապա որսացանցերը պետք է արձանագրվեն եւ ի պահ հանձնվեն:

Իրավախախտումներ են բացահայտվել նաեւ Սեւանի ավազանում հողատարածքների վարձակալության ոլորտում: Սեւանի ազգային պարկում հողատարածքները հիմնականում վարձակալությամբ են տրված, եւ բոլոր վարձակալված հողատարածքներում իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը, ըստ Գեւորգ Դանիելյանի, հիմնականում շահութաբեր է: Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ վարձավճարների գանձումը «չափազանց անբավարար վիճակում էր», եւ տնօրինությունը, ըստ էության, բավարարվել է ուղղակի ծանուցումներ ուղարկելով: Ընդ որում, ինչպես հայտնեց գլխավոր դատախազի տեղակալը, խոսքը մի քանի տասնյակ միլիոն դրամի մասին է, որը խիստ անհրաժեշտ է Ազգային պարկին:

Այս բոլոր խախտումների վերաբերյալ գլխավոր դատախազությունը օգոստոսի 2-ին միջնորդագիր է ուղարկել բնապահպանության նախարարությանը, որը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է պարզաբանումներ ներկայացնել խախտումների եւ դրանց վերացման նպատակով իրականացվող միջոցառումների մասին:

Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «նախարար Վարդան Այվազյանը արձակուրդում է եւ վերադառնալուն պես պարզաբանումներ կներկայացնի»:

Բնապահպանության նախարարի թերացումների մասին հրապարակումներ կան նաեւ մամուլում: Մասնավորապես, համաձայն ռուսական «Տրուդ» թերթի հրապարակման, «Հայաստանի իշխանությունները մտադիր են հեռացնել Վարդան Այվազյանին պետական գործերի նկատմամբ անփույթ վերաբերմունքի, պետության հաշվին հաճախակի գործուղումների, խաղատներ այցելելու համար, որտեղ պետական պաշտոնյան խոշոր գումարներ է թողնում»:

Նախարարը միջորդավորված փոխանցել է, թե հրապարակումն անակնկալ չէր իր համար, եւ ինքը արձակուրդից վերադառնալուց հետո հանդես կգա մանրամասն պարզաբանումներով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG