Մատչելիության հղումներ

Անտոնիո Գուտերեշ. «ՄԱԿ-ը կօգնի «փախստականների մեծ վերադարձի» ծրագրին՝ հակամարտության կարգավորումից հետո»


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշն այսօր Բաքվում հայտարարել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը պատրաստ է օգնել Ադրբեջանին, այսպես կոչված, «փախստականների մեծ վերադարձի» ծրագրի մշակման գործում՝ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորումից հետո:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը ինքնուրույն կարող է լուծել փախստականերին օգնություն տրամադրելու խնդիրը: Գուտերեշը գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանի իշխանություները մտադիր են մինչեւ 2007 թվականի վերջը վերացնել փախստակաների ճամբարները եւ վերաբնակեցնել նրանց հարմարավետ բնակավայրերում, որոնք կառուցվում են պետական նավթային հիմնադրամի միջոցների հաշվին:

Գուտերեշը նաեւ կանխատեսել է, որ մոտակա տարիներին Ադրբեջանը կհայտնվի բարձր եկամուտներ ունեցող երկրների թվում եւ գրավիչ կդառնա հիմնականում հարեւան երկրներից ներգաղթողների համար:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ՝ Գուտերեշի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հայտնել է, որ 13 տարվա ընթացքում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը Ադրբեջանին տրամադրել է 72 միլիոն դոլարի օգնություն:

Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում Անտոնիո Գուտերեշը եղել է փախստականների ճամբարներում եւ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Օգոստոսի 20-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը կժամանի Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG