Մատչելիության հղումներ

«Գաղափարակիր կուսակցությունները» մտահոգված են ոչ գաղափարական ուժերի ասպարեզ գալով


«Քաղաքական դաշտը գերհագեցած է քրեական աշխարհընկալումով, էլ չենք ասում՝ քրեական տարրերով»,- հայտարարեց «Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանը «գաղափարակիր կուսակցությունների» այսօր կայացած հավաքի ժամանակ:

Նա ընդգծեց, թե ԱԻՄ-ը հավաքի ընդամենը կազմակերպիչն է, իսկ նախաձեռնող են բոլոր այն կուսակցությունները, որոնք մտահոգված են ոչ գաղափարական ուժերի ասպարեզ գալով: «Շատերս գտնում ենք, որ ապաքաղաքական դրսեւորումը քաղաքական կյանքում հավասարազոր է քրեական դրսեւորման, եւ մեր հիմնական ակնկալիքն այն է, որ շեշտելով «գաղափարակիր կուսակցություններ» հասկացությունը՝ մենք հենց սկզբից տարբերակում ենք դնում»,- պարզաբանեց Հայրիկյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցությունը ներկայացնող Գագիկ Թադեւոսյանն անդրադարձավ այն խնդրին, որ այսօր արդեն որոշ ընդդիմադիր կուսակցությունների համար ընտրական հանձնաժողովներում խոչընդոտներ են ստեղծվում: Ըստ նրա, հանձնաժողովների անդամների դասընթացներին մասնակցող իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների համար քննություն հանձնելու, սերտիֆիկատ ստանալու արտոնյալ պայմաններ են ստեղծվել, իսկ ընդդիմության ներկայացուցիչների առջեւ արհեստական խոչընդոտներ են հարուցվել:

Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Զաքարյանը, մասնավորապես, անդրադարձավ ընտրությունների նախաշեմին համատարած «հանրապետականացմանը»: «Մեզ համար անընկալելի է, թե ինչպես կարելի է մեկ օրում գաղափարը փոխել եւ դառնալ, ասենք, Նժդեհի գաղափարակիր, ինչպես հանրապետականներն են իրենց անվանում, կամ հենց Հանրապետական կուսակցության գաղափարակիր»,- ասաց նա:

Զաքարյանը հայտարարեց նաեւ, որ եթե նախկինում քաղաքական ուժերն օգտագործում էին կրիմինալին, ապա այսօր այդ սերտաճումը «ոչ միայն սերտաճում է, այլեւ ընդգրկում է, միաձուլում տվյալ կուսակցության շարքերում», ինչը բերում է նոր իրավիճակ, երբ «փորձ է արվում գաղափարը դուրս մղել քաղաքական դաշտից»:

«Օրինաց երկիր»-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանի համոզմամբ, «ընտրական համակարգ ապաքաղաքական ուժերի, կրիմինալ ուժերի մուտքը լրջագույն խնդիր է, եւ սրա դեմ պետք է պայքարել»: Երբ բանախոսներից մեկը մեղադրեց «Օրինաց երկիր»-ին միայն կոալիցիայից դուրս գալուց հետո այս խնդիրներին անդրադառնալու մեջ, Շահգելդյանը պատասխանեց, թե իր կուսակցությունը «կոալիցիայի մեջ լինելով շատ հաճախ շատ ավելի է քննադատել, շատ ավելի կտրուկ քայլեր է կատարել, քան բազմաթիվ քաղաքական ուժեր»:

Հավաքին ներկա չէր իշխանական կուսակցություններից եւ ոչ մեկը: Պարույր Հայրիկյանը հատկապես տարակուսանք հայտնեց Դաշնակցության ներկայացուցչի բացակայության առնչությամբ: Դաշնակցությանը՝ որպես գաղափարակիր կուսակցության, անդրադարձավ նաեւ Ստեփան Զաքարյանը, միաժամանակ նշելով, որ «այսօր ասպարեզը, իշխանությունը վերցնում են այն մարդիկ, որոնք որեւէ գաղափար չեն դավանում, եւ այս գաղափարակիր ուժերը ստիպված են լինելու ծառայել այդ ուժերին՝ կրիմինալացված, միայն խմբակային շահեր պաշտպանող եւ երկիրը խմբակային շահերի ծառայեցնող»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG