Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ-Երեւան» թերթի խմբագրականը, «քիչ տարօրինակ» որակելով «Օրինաց երկիր» կուսակցության՝ «Հանուն օրինական ընտրությունների» շարժում ձեւավորելու առաջարկը, շեշտադրում է.- «Այս նախաձեռնությունը հասարակությունը հենց առաջին պահից կարող է քմծիծաղով ընդունել՝ բոլոր հիմքերն ունենալով առնվազն կասկածի տակ դնել Արթուր Բաղդասարյանի ու նրա կողմնակիցների ազնվությունը»։ Մեկնաբանի հայացքով.- «1999-ին այս կուսակցությունը խորհրդարանում խմբակցություն ունեցավ, որովհետեւ այդպես էր ցանկանում Սերժ Սարգսյանը։ 2003-ին ՕԵԿ-ի համագումարը վանկարկում էր «Ռոբե՛րտ, նախագա՛հ», ուրեմն եւ ծափողջյուններով էր դիմավորում այն բոլոր ընտրակեղծիքները, որոնց շնորհիվ ապօրինի իշխանությունը վերարտադրվեց»։ Ըստ մեկնաբանի.- «Նույն 2003-ին ՕԵԿ-ը մասնակցեց «մանդատագողությանը»՝ «հատուցվելով» խոսնակի պաշտոնով։ 2004-ին Արթուր Բաղդասարյանն էր խոսնակը ու դիտորդի կարգավիճակով հետեւում էր, թե ինչպես են ոստիկանության «արհեստավարժները» հաշվեհարդար տեսնում խաղաղ ժողովրդի հետ»,- հիշեցնում է թերթը։

«Հայկական ժամանակ»-ը, արձանագրելով, թե Ազգային ժողովի ընտրություններին պատրաստվող կուսակցությունները արդեն կազմում են իրենց համամասնական ցուցակները, փոխանցում է.- «Այս առումով, բավականին լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀԿ-ում»։ Ըստ թերթի տեղեկությունների.- «ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 15 հորիզոնականներում գաղափարական, իրական հանրապետականներից միայն կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանն է ու ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը։ Փոխարենը, TOP-15-֊ում հիմնականում նորընտիր հանրապետականներն են, որոնք կուսակցություն են եկել Սերժ Սարգսյանի հետ»։

Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը «Առավոտ»֊-ին տված հարցազրույցում, հիմնավորելով քաղաքական ուժերի հակաքրաեկան դաշինք ձեւավորելու անհրաժեշտությունը, մասնավորապես, փոխանցել է. - «Այն ամենի հիմքում, ինչ կատարվում է Հայաստանում, սեփականության անօրինական բաշխումն է, այն նույն մարդիկ, ովքեր ժամանակին ջրի գնով սեփականություն են ձեռք բերել, հիմա նույն ձեւով սողոսկում են իշխանություն ու փորձում են բաժանել եւ՛ սեփականությունը, եւ՛ իշխանությունը։ Կրիմինալ ասվածն այսօր այլ կերպ է բնութագրվում եւ ամենեւին էլ չի սահմանափակվում ժամանակին «ուգալովնիկ» կոչվածով»։ Սարգսյանի ձեւակերպմամբ. - «Այսօր կրիմինալն այն մարդիկ են, ովքեր կոռուպցիայով, կաշառակերությամբ են զբաղված, ովքեր անօրինական ճանապարհով սեփականություն են ձեռք բերել»։

«Առավոտ»֊-ը փոխանցում է նաեւ «Տրուդ» թերթի օգտոստոսի 11-ի հրապարակումն, ըստ որի Հայաստանի ներկայիս վարչակազմը մտածում է բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին հեռացնելու մասին։ Ըստ հրապարակման. - «Ձեւականորեն նախարարին կարող են հեռացնել պետական գործերի նկատմամբ անփույթ վերաբերմունքի, պետության հաշվին հաճախակի գործուղումների, խաղատներ այցելելու համար, որտեղ պետական պաշտոնյան խոշոր գումարներ է թողնում, որոնց ծագման մասին մնում է կռահել: Այդ ամենը տեղի է ունենում բնապահպանության նախարարության գործերում առկա լճացման եւ գործարար շրջանակներում Այվազյանի անկանխատեսելիության առնչությամբ աճող դժգոհության ֆոնի վրա», - գրում է թերթը։

«Ինչու՞ են շատանում սպանությունները»,- իր իսկ դրած ամենեւին ոչ հռետորական հարցադրմանն ի պատասխան, «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը փաստարկում է.- «Բանիմաց մարդկանց որոշ հայտարարություններ ու ակնարկներ ոչ թե տպավորություն, այլ անգամ համոզվածություն են ստեղծում, թե չբացահայտված այս ոճիրների մասին շատերին շատ բան է հայտնի, բայց այնքան ու այնպես, որն անբավարար կամ անժամանակ է համարվում հայտնության տեսքով ի հայտ գալու համար», գրում է մեկնաբանն ու բխեցնում.- «Ակնհայտ է, որ այդ սպանությունների մի զգալի մասը պատվիրված սպանություններ են՝ մեզանում համեմատաբար նոր, մոտ 15 տարվա երեւույթ, որի առատ հաճախականությամբ արդեն հետ չենք մնում աշխարհի «առաջադեմներից»։ «Պատվիրված սպանության անմիջական կատարողներին հայտնաբերելն ու որսալը, օպերատիվ առումով, իրոք, հեշտ գործ չէ: Բայց, այն էլ Հայաստանի նման մի երկրում, երեւի անհնարին գործ չէ, պատվիրատուին հաշվարկելն ու հայտնաբերելը»,- նկատում է մեկնաբանը։

«Ժամանակ-Երեւան» թերթի տեղեկություններով, Սամվել Բաբայանն իր մասին ֆիլմ է պատվիրել, որի նպատակը պետք է լինի Համլետ Ղուշչյանի ֆիլմը հերքելը եւ իր բարի համբավը վերականգնելը: «Ֆիլմը բավական մեծ է լինելու, այստեղ, հավանաբար, կխոսեն նախորդ ֆիլմում Սամվել Բաբայանին վարկաբեկած անձինք, հատկապես՝ Համլետ Ղուշչյանը, որը թեեւ մի քանի ամիս առաջ հանդես եկավ ասուլիսով, հիմա էլ ֆիլմում հրապարակավ «մեղա» կգա՝ Բաբայանի մասին «ստեր տարածելու» համար: Ֆիլմը պատրաստ լինելուն պես կներկայացվի հայ հանրությանը, եւ դրանով փաստորեն կսկսվի Սամվել Բաբայանի նախընտրական քարոզարշավը», - տեղեկացնում է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG