Մատչելիության հղումներ

Փոխհատուցումից գանձված եկամտահարկի վերադարձը իրացված տարածքների նախկին բնակիչներին չի ուրախացնում


Անցած շաբաթ Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությունը, որ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների նախկին բնակիչներին կվերադարձվի նրանց տրված դրամական փոխհատուցումից գանձված եկամտահարկը, այնքան էլ չի ուրախացնում 10 տոկոս եկամտահարկ մուծած բնակիչներին:

«Մենք 10 տոկոսի համար չենք պայքարում, այլ ուզում ենք, որ վերանայվեն փոխհատուցման չափերը, անօրինականություններ կատարած անձինք էլ՝ պատժվեն: Այդ գումարներով մեզ չեն խաբի: Մենք, իհարկե, գումարը կվերցնենք, քանի որ դա մեզնից գողացել են, եւ կշարունակենք մեր պայքարը մինչեւ վերջ»,- հայտարարեց Հյուսիսային պողոտայի բնակիչների պաշտպանության կոմիտեի նախագահ Վաչագան Հակոբյանը:

Ռոբերտ Քոչարյանը մեկ ամիս առաջ այս խնդրի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում որոշվել է գանձված գումարը վերադարձնել հիշյալ պողոտաների նախկին բնակիչներին:

«Այն ժամանակ օրենքը երկակի մեկնաբանման հնարավորություն էր տալիս, եւ մարդիկ եկամտահարկ են մուծել դրամական փոխհատուցումից, ինչը ճիշտ չէ»,- ասել է նախագահը Լոռու մարզում: Նա նաեւ հայտնել է, որ ընդհանուր հաշվով բնակիչները մուծել են 1 միլիարդ 3 միլիոն դրամ (շուրջ 3,2 միլիոն դոլար) եկամտահարկ: Նախագահ Քոչարյանը հավաստիացրել է, որ մինչեւ նոյեմբեր կընդունվի կառավարության հատուկ որոշում, 2-3 ամսվա ընթացքում այդ գումարները կվերադարձվեն, եւ հարցը կփակվի:

Նախագահի հայտարարությունը իրենց տներից բռնի ուժով տեղահանված բնակիչների համար անակնկալ եւ խիստ անհասկանալի է: Նրանք զարմանում են, թե այդ ո՞վ եւ ինչպե՞ս հանկարծ որոշեց, որ մարդկանց իրենց տներից հանելն ու չնչին փոխհատուցումից եկամտահարկ պահելը ճիշտ չէ՝ մի բան, որ ամիսներ առաջ ճիշտ էր գնահատվում: Բուզանդի փողոցի նախկին բնակիչ Սաշիկ Սաֆյանի խոսքերով, սա ընդամենը ժողովրդին խաբելու միջոց է, քանի որ մոտենում են հերթական ընտրությունները: «Բայց մենք հեքիաթներին չենք հավատում»,- շեշտեց նա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG