Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը դեռ չի պատասխանել Լիբանանում թուրքական զորամիավորմուներ չտեղակայելու հորդորով Հայ դատի նամակին


Թուրքիան բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է զորախումբ ուղարկել Լիբանան՝ տարածաշրջանում լիակատար հրադադար հաստատվելու նմատակով: Ի պատասխան, Միացյալ Նահանգներում Հայ դատի գրասենյակը դեռեւս օգոստոսի 9-ին նամակ էր ուղղել նախագահ Ջորջ Բուշին՝ հորդորելով թույլ չթալ, որպեսզի Լիբանանում տեղաբաշխվելիք խաղաղար կամ տարանջատիչ ուժերում նաեւ թուրքական զորամիավորումներ ներգրավվեն:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե նախագահից պատասխան դեռեւս չի ստացվել, ապա պարզաբանեց, որ կառույցի բացասական դիրքորոշումը Լիբանանում թուրքական զորամիավորումներ տեղաբաշխելու նկատմամբ պայմանավորված է մտահոգությամբ, որ թուրքական ուժերը չեն օժանդակելու այդ տարածաշրջանի երկարատեւ խաղաղությանը՝ երեք պատճառով:

«Նախ, լիբանանյան ժողովուրդը շատ լավ հիշում է Օսմանյան կայսրության ժամանակների ծանր եւ բիրտ ճնշումները: Երկրորդ, Թուրքիայի կառավարությունն ու Թուրքիան խաղաղարար ուժ չեն անգամ իրենց սահմաններում՝ շարունակում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը, շարունակում են Հայաստանի շրջափակումը, շարունակում են Կիպրոսում ապօրինի կերպով զորք պահել, շարունակում են երկրի քուրդ հպատակների ճնշումները: Եւ երրորդ, դժբախտաբար, Թուրքիան լավ դաշնակից չի եղել նաեւ ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմում», - ասաց Էլիզաբեթ Չուլջյանը:

«Թուրքիան Ամերիկային թույլ չտվեց Իրաքի դեմ երկրորդ ճակատ բացել, ինչի հետեւանքներն ամերիկյան բանակն ու Իրաքի ժողովուրդը զգում են մինչեւ այսօր: Թուրքիան նաեւ ցանկանում է կրկին մտնել Իրաքի հյուսիսային քրդաբնակ տարածքներ, ինչը մտահոգում է Միացյալ Նահանգներին: Այդ իսկ պատճառով թուրքական զորամիավորումները խաղաղարար ուժ չեն կարող լինել», - գտնում է Միացյալ Նահանգներում Հայ դատի հանձնախմբի խոսնակը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք տարօրինակ չէ, որ Թուրքիայի դերակատարության դեմ նման դիրքորոշում ցուցաբերում է Միացյալ Նահանգներում գործող հայկական մի կառույց եւ ոչ թե Լիբանանը, որտեղ պետք է տեղաբաշխվեն խաղաղարար ուժերը, Էլիզաբեթ Չուլջյանը պարզաբանեց՝ «Ամերիկայի հայկական գաղութը իր պարտականությունն է համարում այս մտահոգությունները հայտնել Ամերիկայի կառավարությանը եւ փորձել ապագայի համար իրական կայուն իրավիճակ ապահովել»:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG