Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ի փոխանցմամբ. - «Եթե հավատալու լինենք ԱՄՆ-ի պետքարտուղարության տեղեկությանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսն իսկապես ներկայացրել է հրաժարական, սակայն դեռեւս հարցական է մնում հրաժարական ներկայացնելու շարժառիթը»: Թերթը հավելում է. - «Թերեւս հնարավոր չէ ժխտել, որ, անկախ ինքնակամ կամ հարկադիր լինելուց, Ջոն Էվանսի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում դադարեցնելու տեղեկությունների հավաստիությունն անմիջականորեն կապված է ինչպես Էվանսի «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է» արտահայտության, այնպես էլ Թուրքիա-ԱՄՆ փոխհարաբերության հետ»:

Անդրադառնալով Հանրապետական կուսակցության ու հատկապես պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի շուրջ հայաստանյան քաղաքական ու գործարար վերնախավի համախմբման գործընթացին, «Իրավունք»-ը ուրվագծում է. - «Թեեւ Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելու վազում են շատերը՝ անեն դա բացահայտ, թե՝ թաքուն, խոշոր հաշվով, նրանցից եւ ոչ մեկի վրա պաշտպանության նախարարը հույս դնել չի կարող։ Օբյեկտիվորեն բոլորն էլ հասկանում են, որ ժամանակի միտումները աշխատում են Սերժ Սարգսյանի դեմ, քանի որ Ռուսաստանում նրան ավելի ու ավելի շատ համարում են «դավաճան», իսկ Արեւմուտքում հակված չեն նրան վստահել, առավել եւս, որ ամբողջ աշխարհում գնալով աճում է անհանդուրժողականությունը քրեականացված ռեժիմների նկատմամբ»։ «Այսինքն, գրեթե բոլոր նրանք, ովքեր այժմ համախմբվում են Սերժ Սարգսյանի շուրջ, լինեն դրանք օլիգարխներ, չինովնիկներ, թե գաղտնաբար նրա ընդունարանը գնացող վերահսկվող «ընդդիմադիրներ», նրան համարում են դուրս գրման ենթակա ֆիգուր եւ առաջնորդվում են բավականին պրագմատիկ մտածողությամբ. այս պահին առավելագույնս օգտվել Սերժ Սարգսյանի ռեսուրսներից եւ տանիքից, իսկ հարմար պահին՝ «քցել» նրան», - նշում է մեկնաբանը։

Անդրադառնալով վերջին շրջանում քրեածին տարրերի ակտիվացման փաստին, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում, մասնավորապես, ընդգծում է. - «Ես ցնցված էի Մալաթիայում «ռազբորկայի» ժամանակ պատահական անցորդի՝ երիտասարդ կնոջ սպանության փաստով։ Կարծում էի, որ դա կսթափեցնի մեր իշխանություններին, իրավապահներին, հասարակությանը։ Բայց օրերս տեղի ունեցավ համանման երկրորդ դեպքը։ Ես էլի կարծում եմ, որ դա պետք է սառը ցնցուղ լինի բոլորիս համար։ Բայց հասարակությունը, ինչպես սովետների ժամանակ էր, սովորել է այդպես ապրել, հարմարվել դրան»,- նկատում է իրավապաշտպանը։

Ռոբերտ Քոչարյանի թիկնապահներից մեկի ծաղկաձորյան հանգիստը նկարագրելով, «Իրավունք»-ը նկատում է, որ չնայած «թիկնապահը աշխատանքի մեջ չէ, այնուամենայնիվ շարունակում է ծառայողական զենքով պտտվել հանգստացողների մեջ։ Նույնիսկ զվարճանալիս նա ցուցադրաբար զենքը կապում է տեսանելի մասում ու շարունակում ժամանցը»։ «Ի՞նչ իրավական հիմքերով է սույն երիտասարդը հետը պտտեցնում ծառայողական զենքը»,- հարցնում է թերթն ու բխեցնում. - «Իրականում բարձաստիճան պաշտոնյաների թիկնապահների նպատակը ոչ թե իրենց տերերի անվտանգությունը ապահովելն է, այլ վախի մթնոլորտ կամ «լավ տղայի» թվացյալ կերպար ստեղծելը, իսկ ժողովրդին մնում է զինված մարդկանց տեսնելիս պառկած դիրք ընդունել, որպեսզի արձակված գնդակները չվնասեն»։

«Լրագիր» Էլեկտրոնային պարբերականի պատկերմամբ՝ Հայաստանում ներիշխանական խուճապ է, եւ դրա վկայությունը միայն ՀՀԿ «զորահավաքը» չէ: «Խուճապի թերեւս առավել վառ նշան է դոլարի փոխարժեքի հետ տեղի ունեցող գործընթացը»,- գրում է մեկնաբանը եւ շեշտադրում. - «Արդեն նույնիսկ մանկապարտեզի երեխային է պարզ, որ դոլարի ցածր փոխարժեքի պարագայում քիչ դրամով գնվում է շատ դոլար: Թվում է, թե ներկայում դոլար գնելը ձեռնտու չէ, քանի որ այն էժանանում է: Բայց մյուս կողմից, դա ձեռնտու չէ այն մարդկանց համար, ովքեր իրենց ապագան կապում են Հայաստանի հետ, այսինքն այն քաղաքացիների, ովքեր արտասահմանյան բանկային հաշիվներ չունեն, օֆշորային գոտիներում գրանցած ընկերություններ չունեն: Նույն մանկապարտեզի երեխային էլ պարզ է, որ Հայաստանից դրսում այդպիսի հաշիվներ եւ ընկերություններ ունի իշխանության վերնախավը եւ խոշոր գործարարները: Հետեւաբար նրանց համար առավել նախընտրելի փող է դոլարը, քան դրամը: Եվ ահա ակնթարթային արագությամբ նվազեցնելով դոլարը, նրանք կարողանում են բավական էժան գնով կուտակել միլիոնավոր դոլարներ` տրանսֆերտ ստացող քաղաքացիների եւ զբոսաշրջիկների հաշվին: Դա պետք է անել հնարավորինս արագ, քանի դեռ իշխանության են: Եվ անում են», - եզրակացնում է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG