Մատչելիության հղումներ

«Հիթրոու» օդանավակայանում հայտարարված տագնապը Երեւանից Լոնդոն թռիչքների վրա առանձնապես չի ազդել


Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում երեկ հայտարարված տագնապից հետո Հայաստանից Լոնդոն թռիչքներն առանձնապես չեն խափանվել:

«Ավստրիական ավիաուղիներ»-ի երեւանյան գրասենյակի վաճառքի պատասխանատու Տաթեւիկ Սամվելյանի փոխանցմամբ, նախորդ օրվա իրադարձություններից հետո առաջին չվերթը կատարվել է այսօր առավոտյան, ուղեւորների մոտ խուճապ չի նկատվել, 11 ուղեւորներ Վիեննայից թռել են Լոնդոն: Ինքնաթիռը, որը Վիեննայից օդ է բարձրացել ժամը 7:05-֊ին, տեղական ժամանակով ժամը 8:25֊-ին արդեն վայրէջք է կատարել Լոնդոնում:

«Ավստրիական ավիաուղիներ»-ի թռիչքները Լոնդոն եւ Լոնդոնից Վիեննա այսօր չեն հետաձգվել եւ ժամանակին կատարվել են, իսկ երեկ առավոտյան Լոնդոնի օդանավակայանի չընդունելու պատճառով ընդամենը մի թռիչք չի կատարվել:

Հայաստանում գործող օտարերկրյա ավիաընկերությունների ներկայացուցչություններն արդեն որոշակի հրահանգներ ստացել են, թե ինչ պահանջներ են ներկայացվում դեպի Լոնդոն եւ Լոնդոնից, մասնավորապես, Միացյալ Նահանգներ թռչող ուղեւորներին:

Լոնդոնից մեկնող ուղեւորները ձեռքի ուղեբեռ չեն կարող ունենալ, կանայք նույնիսկ պայուսակ չեն կարող վերցնել. միայն թափանցիկ պոլիէթիլենային փաթեթներում անձնագիր, ուղեւորատոմս, ոչ հեղուկ դեղամիջոց, այն էլ՝ դեղատոմսով, մինչեւ 2 տարեկան երեխաների համար՝ շշով կեր, որն անպայման ստուգվելու է օդանավ մտնելուց առաջ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Բրիթիշ Էյրուեյզ» ավիաընկերության երեւանյան գրասենյակի տնօրեն Սիմոն Ավագյանը, հիմնական սահմանափակումները կապված են օդանավի սրահ տարվելիք ձեռքի ուղեբեռի հետ: Նա ընդգծեց, որ այս բոլոր արգելքներն ու սահմանափակումները վերաբերում են այն ուղեւորներին, ովքեր Լոնդոնից շարունակելու են ուղեւորությունը, իսկ այն ուղեւորների նկատմամբ, որոնց թռիչքի վերջնակետը Մեծ Բրիտանիան է, ձեռքի ուղեբեռի հետ կապված որեւէ սահմանափակում չի լինի:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG