Մատչելիության հղումներ

Գագիկ Շամշյանի նկատմամբ նոր հետապնդումներ են սկսվել


«Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը պնդում է, որ իր նկատմամբ Երեւանի Նուբարաշեն համայնքի ղեկավարի հետ ընդհարումից հետո որոշակի հետապնդումներ են իրականացվում: Մասնավորապես, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց լրագրողը, իրեն հրավիրել է իր վրա հարձակման գործը քննող քննիչ Հայկ Մանգոյանը եւ առաջարկել հրաժարվել թաղապետի եղբայր Ռուբեն Հովհաննիսյանի դեմ ցուցմունքից, ըստ որի, վերջինս իր վրա ոչ միայն հարձակվել է, այլեւ կողոպտել՝ վերցնելով բջջային հեռախոսը եւ ձայնագրիչը:

Բացի այդ, Շամշյանին երեկ հրավիրել է Էրեբունի համայնքի ոստիկանության հետաքննիչը եւ ասել, որ նրա դեմ մի քանի բողոք կան, մասնավորապես, բողոքել է նրա վարձակալած տան տիրոջ ազգականը, թե Շամշյանը փչացրել է տան գույքը, խարդախության միջոցով չի կատարել անհրաժեշտ վճարումները, տանը մի քանի կեղծ անձնագիր է պահում:

Մեկ այլ բողոք էլ ստացվել է երթուղային տաքսիների վարորդների կողմից, թե Շամշյանը խանգարում է իրենց աշխատանքը, Նուբարաշենն «ահ ու սարսափի մեջ է պահում»:

Այսօր առավոտյան Շամշյանին զանգահարել է Էրեբունու ոստիկանության քննչական բաժնի պետի տեղակալ Վարդան Մեսրոպյանը եւ կանչել բաժանմունք՝ զրուցելու: Այստեղ նրան տեղեկացրել են, թե իր դեմ քրեական գործ կա հարուցված, սակայն ոչ գործի բովանդակությանը, ոչ էլ համապատասխան փաստաթղթին չեն ծանոթացրել: Այնուհետեւ նրան ուղեկցել են իր վարձակալած բնակարանը եւ այնտեղ ասել, թե բնակարանը պետք է խուզարկեն: Շամշյանը, որին ուղեկցում էին գործընկերներ եւ իրավապաշտպաններ, հրաժարվել է բացել բնակարանի դուռը առանց փաստաբանի ներկայության եւ հեռացել է տան մոտից: Ավելի ուշ լրագրողին զանգահարել է ընկերը եւ հայտնել, որ «բնակշահագործման գրասենյակից, ինչպես նաեւ զինվորականներ եւ այլոք, եկել են, դուռը կոտրում են, որ մտնեն տուն»: «Դուռը կկոտրեն, կմտնեն տուն, հնարավոր է՝ տունը ինչ-որ բան դնեն, հնարավոր է եւ չդնեն, հնարավոր է կահույքը վնասեն ու ասեն, թե ես եմ վնասել»,- նշեց լրագրողը եւ համոզմունք հայտնեց, որ այդ ամենը կազմակերպված է թաղապետ Մհեր Հովհաննիսյանի եւ վերջինիս հոր՝ «գազի Գարուշի», կողմից:

Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տրուզյանը տեղեկացրեց, որ դատախազությունում Շամշյանի դեմ հարուցված քրեական գործ չկա, սակայն «առանձին անձանցից ստացվել են բազում հայտարարություններ, նյութեր նրա կողմից կատարված տարբեր հանցանքների, քրեորեն հետապնդելի արարքների մասին, եւ այդ հայտարարությունները ստուգելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում»: Նշելով, որ Էրեբունի-Նուբարաշեն համայնքների դատախազության վարույթում նման գործ չկա, նա միաժամանակ չհերքեց, որ «ինչ-ինչ քննչական գործողություններ գուցեեւ կատարվում են»:

Գագիկ Շամշյանի դեմ հարձակում կատարելու մեջ կասկածվողներից մեկը՝ Նուբարաշենի թաղապետի եղբայր Ռուբեն Հովհաննիսյանը, երկու օր առաջ ազատ է արձակվել գրավի դիմաց:

Շամշյանը մի շարք անձանց կողմից, որոնցից մի քանիսին ճանաչել է, հարձակման էր ենթարկվել հուլիսի 12-ի երեկոյան: Լրագրողը ոստիկանությանը հայտնել էր իր վրա հարձակված անձանց անունները, ինչպես նաեւ մատնանշել հարձակման պատճառը` «Արդշինինվեստբանկ»-ի Մալաթիայի մասնաճյուղում խոշոր չափերի գումարների գողության գործի վերաբերյալ իր հոդվածը, ըստ որի, այդ հանցագործության մեջ կասկածվողները Նուբարաշենի թաղապետի ազգականներն են: Լրագրողի տված ցուցմունքների հիման վրա Ռուբեն Հովհաննիսյանը կալանվել էր:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG