Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է վերսկսել ակտիվ քաղաքական գործունեությունը


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն վերադարձել է արձակուրդից եւ պատրաստվում է վերսկսել ակտիվ քաղաքական գործունեությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը, կուսակցությունն առաջիկայում սկսելու է քաղաքական երկխոսությունը ընդդիմադիր ուժերի հետ, իսկ արդեն սեպտեմբերից այցելություններ է կազմակերպելու մարզեր եւ գյուղեր:

Թե կոնկրետ ո՞ր ուժերի հետ է «Օրինաց երկիր»-ը հնարավոր համարում իր համագործակցությունը, ըստ Բիշարյանի, պարզ կդառնա առաջիկայում: Ամեն դեպքում նա չբացառեց ընդդիմադիր որոշ ուժերի հետ դաշինքի ստեղծումը: «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղարը հերքեց լուրերը, թե հանդիպումներ, նաեւ բանակցություններ կան «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ. «Նման հանդիպումներ տեղի չեն ունեցել, երբ կլինի, մենք անպայման այդ մասին կխոսենք, եւ հանրությունը կիմանա»:

Մայիսին «Օրինաց երկիր» խմբակցությունը լքած 11 պատգամավորներից, տարբեր նախարարներից եւ պաշտոնյաներից բացի, վերջին շրջանում, ըստ Հեղինե Բիշարյանի, կուսակցությունից նոր հեռացողներ չեն եղել, հակառակը՝ կուսակցության շարքերը համալրվում են նոր անդամներով, քանի որ, ինչպես նշեց նա, մարդիկ տեսել են, որ «Օրինաց երկիր»-ը եղել է իշխանության մեջ ընդդիմություն:

Մեկնաբանելով Հանրապետական կուսակցության շուրջ տարբեր ուժերի համախմբումը՝ Հեղինե Բիշարյանը համոզմունք հայտնեց, որ այն հանուն ժողովրդի տեղի չի ունենում, «հետեւաբար՝ այդ համախմբման մեջ որեւէ դրական բան տեսնել անհնար է»: «Ուղղակի մեր ղեկավարները, չինովնիկները, օլիգարխները, կրիմինալները, մարդիկ, որոնք համախմբվել են, պետք է լուրջ մտածեն ժողովրդի մասին: Ի վերջո, հայրենիքը ձեռքից գնում է, մենք ունենք ե’ւ արտաքին, ե’ւ ներքին լուրջ խնդիրներ, ո՞վ պետք է մտածի այդ մասին», - շեշտեց նա:

«Եթե համախմբվում են նման որակի մարդիկ, ուրեմն ինչ-որ սցենարներ կան, որոնք պետք է ժողովրդի դեմ լինեն: Որովհետեւ միանշանակ է, որ այս որակը ժողովրդի հետ չէ, ուրեմն՝ ժողովրդի դեմ է», - հայտարարեց Հեղինե Բիշարյանը՝ համոզմունք հայտնելով, որ առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն եւ պայքարեն նման երեւույթների դեմ:

Ըստ Հեղինե Բիշարյանի, շարքային քաղաքացիներին տարբեր ձեւերով, ճնշումներով կուսակցական են դարձնում, անգամ տեղեկություններ կան, որ մարդկանց հանրապետական չդառնալու պատճառով աշխատանքից հեռացնում են:

Նրա համոզմամբ, այս ամենից զերծ չի մնալու նաեւ բանակը, քանի որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր զբաղեցնում է Հանրապետական կուսակցության նախագահի խորհրդի նախագահի պաշտոնը. «Եթե նախկինում բանակը, պարտադրված, ձայները միանշանակ տալիս էր որեւէ քաղաքական ուժի, այսօր դա հրապարակավ է արվելու, ինչն անընդունելի երեւույթ է: Տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ պահին զինվորը վտանգ է զգում, կա վախի մթնոլորտ, եւ այդ պահին արդեն մարդը ընդունակ է ամեն ինչի: Փորձում են այնպես անել, որ մարդը սեփական մաշկի վրա ծանրությունը զգա, վաճառի իրեն, իր «ես»-ը, ընտանիքը, երեխայի ապագան»:

Եթե 2007 թվականին իսկապես ազատ եւ արդար ընտրություններ անցկացվեն, ըստ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղարի, բացառվում է, որ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն կազմի, «որովհետեւ վերջին շրջանում մեր երկրի կառավարման գործընթացում ամենամեծ լծակները ունեցել են իրենք, եւ մենք տեսնում ենք, որ ժողովրդի կյանքում ոչինչ չի փոխվել»:

Մեկնաբանելով «Օրինաց երկիր» կուսակցության հետ հնարավոր համագործակցության մասին խոսակցությունները՝ «Դաշինք» կուսակցության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ «Դաշինք»-ը հանդիպումներ է ունենում քաղաքական բոլոր ուժերի հետ, սակայն դա արվում է համագործակցությունը սերտացնելու եւ ոչ թե միավորումներ ստեղծելու նպատակով, իսկ «բացառություն կարող է լինել միայն մի դեպքում՝ երբ կոնկրետ քաղաքական ուժը լուծարվի եւ միավորվի «Դաշինք» կուսակցության հետ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG