Մատչելիության հղումներ

ՀՀՇ-ն ակնկալում է մեծամասնություն ունենալ ապագա խորհրդարանում, ապա հաղթել նաեւ նախագահական ընտրություններում


Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) այն քաղաքական ուժն է, որը ժողովրդին ազատելու է այս իշխանություններից, համոզված է կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանելով Հայաստանի խոշոր գործարարների կողմից հնարավոր օգնության մասին հարցին, Զուրաբյանը հայտարարեց. «Խոշոր գործարարները սկսում են օգնել այն քաղաքական ուժին, որից մտավախություն ունեն: Ոչ թե վտանգ են զգում, այլ շատ լավ զգում են, թե որ դաշտը ինչ բերք է տալու: Բնականաբար, տեսնելով, որ հնարավոր է, որ այս կամ այն քաղաքական ուժը հաջողություն ունենա, փորձում են մեկ քայլ առաջ գնալ»: Գործարարներն առայսօր ընդդիմության դաշտից «լավ բերք» չեն սպասել, սակայն, ինչպես վստահ է ՀՀՇ վարչության նախագահը, «սպասելու են, որովհետեւ ՀՀՇ-ն այն քաղաքական ուժն է, որը այս հասարակությանը ազատելու է այս իշխանություններից»:

ՀՀՇ-ն հակված չէ մենակ գնալու խորհրդարանական ընտրությունների. «Կարծում եմ, քաղաքական թիմով կգնանք, ու որոշակի համաձայնության դաշտ կլինի, որտեղ կտեսնենք քաղաքական ուժեր, որոնց հետ համակարծիք ենք եւ նույն ձեւով ենք տեսնում Հայաստանի զարգացումը»:

Զուրաբյանը նաեւ հայտարարեց, որ ՀՀՇ-ն ակնկալում է մեծամասնություն ստանալ խորհրդարանում, եւ հստակեցրեց, որ «մեծամասնություն ստանալը ոչ թե մաքսիմում ծրագիրն է, այլ նրա համար է, որպեսզի նախագահական ընտրություններում ունենանք մեր նախագահը»: Հարցին, թե արդյոք ՀՀՇ-ի հետ է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Զուրաբյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի լիդերն է, բնականաբար, չի կարող այլ տեղ լինել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG