Մատչելիության հղումներ

Հայաստանի դպրոցներից մեկում 10-12 տարեկան երեխաները հաճախում են ռազմական խմբակ


Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի կազմակերպած «Ռազմական դասարաններ Հայաստանում. կողմ եւ դեմ կարծիքներ» թեմայով քննարկման առիթը հայաստանյան դպրոցներից մեկում աննախադեպ էքսպերիմենտն է. 10-12 տարեկան երեխաները հաճախում են թիվ 99 դպրոցի ռազմական խմբակը, որտեղ հագնում են ռազմական համազգեստ, սովորում են, օրինակ, զենքի հետ աշխատել:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով, հայրենասիրությունը երեխային զենք բռնելու եւ թշնամուն ատել սովորեցնելու մեջ չէ. «Մենք հայրենասիրություն ասելով, պատկերացնում ենք թշնամուն ատելը, այլ ոչ թե երկիրը սիրելը: Մենք սրան ենք բերելու, եւ այդ մարդիկ առաջին հերթին լինելու են այն նույն հրամանատարների պես, որոնք խոշտանգում են հենց հայերին, ես չեմ ուզում ասել՝ ամեն դեպքում, մարդկանց»:

Նախկին մահապարտ ներկայացած Գագիկ Գինոսյանի խոսքերով, «կան անգլիական թեքումով դպրոցներ, կա պարսկական թեքումով դպրոց, մաթեմատիկական թեքումով դպրոց. ինչո՞ւ չի կարող լինել ռազմական թեքումով դպրոց»:

Եթե տվյալ դպրոցի էքսպերիմենտը դպրոցի ղեկավարության ինքնակամ նախաձեռնությունն է, եւ, ըստ էության, այս ծրագիրը ոչ ոք չի հաստատել, ապա գալիք ուսումնական տարվանից կրթության եւ գիտության նախարարությունը պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակել եւ հաստատել է մեկ այլ էքսպերիմենտ. Հայաստանի տարբեր մարզերում 11 հանրակրթական դպրոցներ դառնալու են ռազմական թեքումով, եւ բարձր դասարանցիների համար հատուկ ռազմական դասարաններ են բացվելու:

Ըստ կրթության նախարարության ներկայացուցիչ Արման Այվազյանի, այս նորամուծությունը չի նշանակում, թե 11 դպրոց դառնալու է ռազմական. դրանք ընդամենը նախնական զինվորական պատրաստության առարկայի խորացված ուսուցմամբ դպրոցներ են, որտեղ 7-րդ դասարանից սկսած գործելու է նման մի դասարան:

Հարցին, թե ո՞րն է էքսպերիմենտի նպատակը, նա պատասխանեց, թե ապագայում հատուկ ռազմական կրթական հաստատությունների, օրինակ՝ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի համար սաներ պատրաստելն է: Իսկ թե ինչո՞ւ պետությունը չի հոգում հատուկ դպրոցների ստեղծման մասին, որտեղ կարող են սովորել այն երեխաները, որոնց ծնողները որոշել են, որ իրենց երեխան պետք է զինվորական դառնա՝ դա, ըստ կրթության նախարարության ներկայացուցչի, կապված է նյութատեխնիկական բազայի հետ. «Մեր պետությունը հնարավորություն չունի: Ահռելի գումարներ պետք է ծախսել՝ ստեղծելու համար ռազմական մեկ դպրոց»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG