Մատչելիության հղումներ

Երիտասարդները նախընտրում են թատրոնն ու երգը


Դերասան դառնալ ցանկացողների միջեւ այս տարի ամենաթեժ մրցակցությունն է. Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի 1 անվճար տեղի համար մրցում է 10 դիմորդ: Սակայն միայն դիմորդներից շատերին բնորոշ արտիստիզմը եւ «բարդույթների բացակայությունը» բավարար չէ, դիմորդը առանձին հարցազրույցում պետք է ցույց տա նաեւ ինտելեկտի զարգացման մակարդակը, բազմակողմանի գիտելիքները: Աստեղ էլ հանձնաժողովը արդեն տարիներ շարունակ հայտնվում է փակուղու առջեւ:

«Գալիս են, չձեւավորված մտահորիզոնով, կիսակիրթ, անորոշ չափորոշիչներով», - նկատում է «Դերասանի վարպետության» առարկայական հանձնաժողովի նախագահ Արմեն Մազմանյանը, - «Մեզ համար շատ դժվար է՝ դպրոցի փոխարեն սկսում ենք կոմպլեքսները հղկել, քաղաքացի դաստիարակել»:

Մասնագետներն արձանագրում են, որ վերջին երկու տարիներին ավելացել է թատերական ասպարեզն ընտրող տաղանդավոր երիտասարդների թիվը: Այս տարի բուհ դիմել է 228 հոգի, նախորդ տարվա համեմատ 20-ով պակաս: Մյուս բոլոր ֆակուլտետներում մեկ տեղի համար կմրցի 3 դիմորդ:

Իսկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր ավարտվեցին մասնագիտական քննությունները: Տարեցտարի բուհում դիմորդների պակաս է նկատվում: 220 տեղի համար այս տարի մրցում է 240 դիմորդ: Ամենամրցութայինը, նախորդ տարիների պես, վոկալի բաժինն է. «Բաժին ունենք, որ ընդհանրապես դիմորդ չկա, իսկ երգիչ դառնալու համար 1 տեղի համար 15 դիմորդ է մրցում», - ասում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ասյա Ղազարյանը:

Ըստ նրա, վոկալի բաժնում հաճախ մրցույթ են ապահովում արդեն հայտնի երգիչները, որոնց ոչ միշտ է, որ կրթություն ստանալու ցանկությունն է կոներվատորիա բերում. «Շատերին ուղղակի դիպլոմ է պետք, ամիսներով դասի չեն գալիս»: Նախորդ տարի ընդունվել է Քրիստինե Պեպելյանը, այս տարի դիմորդ է «Հայսուպերսթար» Սուսաննա Պետրոսյանը:

Բուհ ընդունվելու լուրջ հավակնություններ ունի 56-ամյա մի կին: Նա երկու քննություն արդեն հաջողությամբ է հանձնել ու պատրաստվում է դաշնակահարուհի դառնալ:


Իրինա Հովհաննիսյան, Կառլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG